Նախարարը հյուրընկալեց բարոնուհուն
2009-09-17
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց Մեծ Բրիտանիայի Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Նախարարը, ողջունելով հյուրին, իր երախտագիտությունը հայտնեց բարոնուհուն երկարամյա և հետևողական գործունեության համար` ի նպաստ հայ ժողովրդի հիմնախնդիրների միջազգայնացման, մասնավորապես, Արցախին ցուցաբերած բարոյական և նյութական մեծ աջակցության համար:
Նախարարը և տիկին Քոքսը քննարկեցին Հայաստանում բարձրագույն մասնագիտական կրթության միջազգային հեղինակության բարձրացման հետ կապված խնդիրները և դրանց լուծման ուղիները: «Բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ուղղված են կրթության որակի բարձրացմանը, որոնք բխում են ինչպես պետության և հասարակության, այնպես էլ յուրաքանչյուր ուսանողի շահերից»,-ասաց նախարարը:
Տիկին Քոքսը նշեց, որ շահագրգռված է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում արտասահմանցի ուսանողների ուսումնառության կազմակերպմամբ և արտերկրում Հայաստանի ուսումնական հաստատությունների միջազգային վարկանիշի բարձրացմամբ, և իր գործունությունն ուղղված է նաև վերոնշյալ խնդիրների լուծմանը:
Հանդիպման ավարտին Ա. Աշոտյանը բարոնուհուն նվիրեց Հայաստանի և Արցախի պատմամշակութային կոթողները և հուշարձանները ներկայացնող պատկերազարդ գիրք, ինչպես նաև Ջուղայի խաչքարերի վերաբերյալ տեսանյութ: Բարոնուհին խոստացավ, որ վերջինս կդիտի լորդերի պալատի իր գործընկերների հետ: Տիկին Քոքսը նախարարին նվիրեց համաշխարհային գլոբալ զարգացումներին վերաբերող իր հեղինակած գրքերից մեկը, որը թարգմանվել էր ռուսերեն: