Կրթական գործընթացներ` նախադպրոցականից մինչև հետբուհական

2010-04-12

Կրթության ոլորտում բարեփոխումների շարունակականության ապահովումը և իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացումը հադիսանում են ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջնահերթ խնդիրները: Այդ համատեքստում իրականացվել և նախատեսված են մի շարք կրթական գործընթացներ, մասնավորապես, երեխաներին վաղ հասակից կրթության հավասար հնարավորությունների ստեղծման նպատակով Համաշխարհային բանկի հետ իրականացվող “Կրթության որակ և համապատասխանություն” երկրորդ վարկային ծրագրի շրջանակում շուրջ 140 համայնքում կստեղծվեն նախադպրոցական կրթության քիչ ծախսատար մոդելներ` հիմնականում դպրոցների բազայի հիման վրա:
Այս տարի ծրագիրը մեկնարկելու է երկու մարզում` Արագածոտն և Արարատ: Ծրագիրն իր հաջողությունն ու կենսունակությունն ապացուցել է նախորդ տարի Լոռու և Շիրակի 22 համայնքում: Նախադպրոցական դասարանները կլինեն ոչ թե դասական մանկապարտեզներ, այլ համապատասխան վերազինմամբ և նախադպրոցական կրթության հիմնական տարրերը պարունակող դասարաններ, որոնցում ներգրավված կլինեն ավագ տարիքային խմբի երեխաներ, որոնք հնարավորություն կստանան օրական 4 ժամ ստանալ տարրական գիտելիքներ:
ՀՀ կառավարության որոշումներով արդեն հաստատվել են հանրակրթության ոլորտը կարգավորող մի շարք իրավական փաստաթղթեր, մասնավորապես, “Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը”, “Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը”, “Պետական հանրակրթական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմին` խորհրդի ձևավորման կարգը”, ինչպես նաև “Տարրական դպրոցում համակարգչային հմտությունների ուսուցման հայեցակարգին և տարրական դպրոցում համակարգչային հմտությունների ուսուցման ներդրումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին” արձանագրային նախագիծը:
Մշակման փուլում են` “Հավաստագրման լիազոր մարմնի ձևավորման և գործունեության կարգը”, “Հավաստագրման կարգը”, “Ուսումնական հաստատության և ծնողի միջև անվճար կրթական ծառայությունների մատուցման պայմանագիրը”, “Հավաստագրման ծրագիրը”, “Հավաստագրման նպատակով վերապատրաստում կազմակերպելու ընթացակարգը”:
Կշարունակվի ավագ դպրոցների ցանցի ընդլայնումը. գործող 48 դպրոցին այս տարի կմիանա ևս 44-ը: Ավագ դպրոցներ գործելու են միայն խոշոր բնակավայրերում: Տարվա ընթացքում ընդլայնվելու է նաև դպրոցների` համակարգիչներով ապահովման ծրագիրը. այս տարի ԿՏԱԿ-ը նախատեսում է ևս 300 դպրոց միացնել համակարգչային ընդհանուր ցանցին` դրանց թիվը հասցնելով 900-ի:
ԼՂՀ-ի ավագ դպրոցներում արդեն ստեղծվել է համակարգչային ժամանակակից 5 դասարան, որոնք համալրված են 10 համակարգչով և լայնէկրան 1 մոնիտոր-հեռուստացույցով; Ձևավորման փուլում են ևս 4-ը;
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար/դիստանցիոն/ ձևով ուսուցման կարգը” և “ՀՀ 2010-2011 ուսումնական տարվա ասպիրատուրա  և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրատուրա  և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը”:
Միջպետական համաձայնագրերի շրջանակում արդեն կայացել են Բուլղարիայի, Ռումինիայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունների ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար հայտարարված մրցույթները: Ընթացքում են Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի Արաբական Հանրապետության ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար մրցույթները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։