Պաշտոնավարման 100 օր
2009-09-09
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր լրագրողներին ներկայացրեց 100 օրվա կատարած աշխատանքները: Ներկայացնելով կրթության ոլորտի նպատակները` նա նշեց, որ իրականացվող բարեփոխումներն ընթանում են Հհ կառավարության ծրագրերին համահունչ, և նախարարների փոփոխությունը կարող է բերել ընդամենը մարտավարական, այլ ոչ թե ռազմավարական փոփոխությունների: «Բոլորն իրականացրել են կառավարության ծրագրերը, և ես պատրաստ եմ շարունակել այդ ծրագրերը, որոնք հավանության են արժանացել Ազգային Ժողովում»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով բնագավառի առջև ծառացած խնդիրներին` Արմեն Աշոտյանն ընդգծեց երկու նպատակ: Առաջինը կրթական համակարգի ուսումնական բաղադրիչն է: Կրթության բնագավառը պետք է համապատասխան որակյալ կադրերով բավարարի տնտեսության առկա պահանջները, ինչպես նաև կանխորոշի տնտեսության հետագա զարգացումները և առաջիկա պատվերները: Հետևաբար, անհրաժեշտ է ապահովել որակյալ կրթություն ոլորտի բոլոր հատվածներում: Երկրորդ նպատակ դիտարկվեց հասարակության արժեհամակարգային սպասելիքների բավարարումը, որովհետև կրթությունը ոչ միայն ուսումնական, այլև դաստիարակչական գործընթաց է: Նախարարը ներկայացրեց նաև նշված նպատակներին հասնելու միջոցները: Արմեն Աշոտյանը կարևորեց օրենսդրական դաշտի բարեփոխումների խնդիրը` նշելով, որ կրթության համակարգին վերաբերող օրենսդրությունը պետք է վերակառուցվի մեկ տրամաբանությամբ` նախադպրոցական կրթության մասին օրենքից մինչև գիտության մասին օրենք: Նախատեսվող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթները քննարկման կդրվեն Աժ աշնանային նստաշրջանում: Անդրադարձ կատարվեց նաև ոլորտի ֆինանսավորմանը: Նախարարը նշեց, որ տնտեսական ճգնաժամի այս պայմաններում կառավարությունը վերականգնել է կրթության ոլորտին տրամադրվող գումարները, և գալիք տարվա բյուջեում առաջադրվել են ոլորտի ոչ միայն պահպանման, այլ նաև զարգացման ծախսեր, որոնք կապահովեն բարեփոխումների շարունակականությունը: Զարգացման ծրագրերի հիմքում ընկած է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կրթության որակ և համապատասխանություն» 2-րդ ծրագիրը, որը նախատեսում է ներդրումներ կրթագիտական համակարգի բոլոր օղակներում: Նախարարը կարևորեց նաև գիտելիքի նկատմամբ պահանջարկի ձևավորման խնդիրը` արձանագրելով, որ «հասարակության մեջ, ցավոք, այն դեռևս գերագույն արժեք չէ, և մեր նպատակը պետք է լինի գիտելիքահեն արժեհամակարգի ստեղծումը»: Ընդգծվեց նաև կադրային ճիշտ քաղաքականություն իրականացնելու խնդիրը: Նախարարը ներկայացրեց առաջիկայում նախատեսվող միջոցառումները: Սեպտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կկազմակերպվի սեմինար կրթության որակի բարձրացման խնդիրների վերաբերյալ, կիրականացվեն հեռավար ուսուցման համակարգի ներդրման միջոցառումներ և այլն: Նախարարը չշրջանցեց նաև ոլորտում առկա արատավոր երևույթները, մասնավորապես, անդրադարձավ պարտադրված դրամահավաքությանը և հատուկ դպրոցների հիմնախնդիրներին` նշելով, որ դրանք մշտապես լինելու են ուշադրության կենտրոնում: Ավարտին նախարարը պատասխանեց նաև լրագրողների հարցերին: