Հանրային վերահսկողության առաջարկ

2009-09-04

Սեպտեմբերի 1-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության շենքի առջև բողոքի ակցիայի կազմակերպիչներին  այսօր հանդիպեց նախարար Արմեն Աշոտյանը: Հանդիպմանը մասնակցում էին թիվ 11 հատուկ դպրոցում 2008 թվականին իրականացված ծրագրի կամավորականներ Մարիամ Սուխուդյանը, «Էկոդար» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Սավզյանը, «Թրանսփերենսի ինտերնեյշնել» հակակոռուպցիոն կենտրոնի «Շահերի պաշտպանության աջակցություն» ծրագրի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, լրագրող Սյուզան Սիմոնյանը, Արման Ղարիբյանը, Լիլիթ Նուրիջանյանը, Վարդան Հովհաննիսյանը:
 Մասնակցում էր նաև ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հատուկ դպրոցների, մասնավորապես թիվ 11 հատուկ դպրոցի հետ կապված հիմնախնդիրները: Նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ծանոթ է  հատուկ դպրոցների վերաբերյալ ներկայացվող ողջ տեղեկատվությանը և ավելացրեց. «Ցանկացած ոտնձգություն երեխաների իրավունքների նկատմամբ պետք է արժանանա խիստ պատժի ինչպես իրավական, այնպես էլ բարոյական տեսանկյունից»: Նա նշեց նաև, որ նախարարության ռեսուրսներն այսօր բավարար չեն վերահսկելու հատուկ կրթության համակարգում իրականացվող ողջ գործընթացները: Ուստի, և’ որպես քաղաքացի, և’ որպես ոլորտի պատասխանատու, նա շահագրգռված է, որ նախարարության ներուժին միանան նաև քաղաքացիական հասարակության կառույցները, որպեսզի համատեղ ուժերով բարձրացված խնդիրներին լուծումներ տրվեն: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը քննարկման ընթացքում նշեց, որ  խնդրի լուծման թերևս ճիշտ տարբերակը բոլոր տիպի գիշերօթիկ հաստատությունների  փակումն է, սակայն սոցիալ-տնտեսական պայմաններն այսօր դա թույլ չեն տալիս: Նա անդրադարձավ նաև հատուկ դպրոցների կադրերի խնդրին և  առաջարկեց, որ նրանց ատեստավորումը ևս կազմակերպվի հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար նախատեսված չափորոշիչներով:
Նախարարը նշեց, որ լուծման եղանակներից է նաև ներառական կրթության համակարգի ընդլայնումը, և հանրապետությունում արդեն 49 հանրակրթական դպրոց իրականացնում է  այդ ծրագիրը, որում ընդգրկված է շուրջ 900 աշակերտ: 
Հանդիպման ավարտին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խնդիրներին ինստիտուցիոնալ լուծումներ տալու նպատակով առաջարկեց ձևավորել հատուկ լիազորություններով մարմին, որը կկատարի ուսումնասիրություններ, ինչպես նաև հանրային վերահսկողություն` իրականցվող գործընթացների նկատմամբ: Տվյալ մարմնում կարող են ներգրավվել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հասարակական կազմակերպությունները: Հանդիպման մասնակիցներն ընդունեցին առաջարկությունը և խոստացան ներկայացնել իրենց առաջարկությունները նախատեսվող մարմնի գործունեության վերաբերյալ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։