ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առթիվ
2009-09-01
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ սեպտեմբերի մեկի և գիտելիքի օրվա կապակցությամբ:Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, որովհետև կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից: Ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրն առավել հիշարժան է մեր առաջին դասարանցիների համար:
Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում ու ցանկանում, որ ուսումնառության ողջ ընթացքը նրանց համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան: Յուրաքանչյուր աշակերտ մի ջահ է, որը պիտի բոցավառվի գիտելիքի նկատմամբ սիրով ու սովորելու անսպառ ցանկությամբ:Պատահական չէ, որ սեպտեմբերի մեկը նշվում է նաև որպես գիտելիքի օր, գիտելիք, որը հազարամյակներ շարունակ եղել է մեր ժողովրդի գերագույն արժեքներից մեկը: Այս համատեքստում շնորհավորում եմ ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին: Մենք թևակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ օր օրի փոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով: Հասարակության մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը:
Կրկին շնորհավորելով բոլորիս գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նոր ուսումնական տարում հաջողություններ և ամենայն բարիք: