Կրթությունը` բարիքներ ստեղծելու երաշխիք

2009-08-26

Հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում այսօր Վանաձորում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեց Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների, մանկավարժների և համայնքի ղեկավարների հետ: Ողջունելով խարհրդակցության մասնակիցներին`  Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը նշեց 2008-09 ուսումնական տարում արձանագրած ձեռքբերումներն ու հաջողությունները, մասնավորապես, անդրադարձ կատարվեց առարկայական օլիմպիադաներում մարզի աշակերտների ցուցաբերած արդյունքներին, ինչպես նաև մի շարք համայնքների դպրոցներում կատարված վերանորոգման աշխատանքներին:
Նա ներկայացրեց նաև հանրակրթության մասին նոր օրենքի և ավագ դպրոցի համակարգի ձևավորման հետ կապված այս ուսումնական տարվա անելիքները: Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, շնորհավորելով մասնակիցներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ, նշեց. «Իրականում ավանդական դարձած այս խորհրդակցություններն ամեն տարի նոր երանգներ են ստանում և  նորություններ են բերում: Կրթության բնագավառում բարեփոխումները շարունակական բնույթ են կրում, որովհետև ժամանակակից աշխարհն անընդհատ նոր պահանջներ ու մարտահրավերներ է ներկայացնում, որոնց մեզ նման երկրները կարող են դիմագրավել միայն այն դեպքում, երբ ունեն ուժեղ մշակույթ և ուժեղ կրթություն: Մշակույթը որպես ազգի պահպանման, իսկ կրթությունը` մտավոր աշխատանքով տնտեսական բարիքներ ստեղծելու երաշխիք»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով հասարակության համար գիտելիքը գերագույն արժեք դարձնելու խնդրին` նախարարն ընդգծեց, որ 21-րդ դարի աշակերտին անհրաժեշտ է դիտարկել որպես ջահ, որը պետք է վառել: Այս համատեքստում Ա. Աշոտյանը նշեց, որ դպրոցներում աշակերտները պետք է նախևառաջ սովորեն սովորել, որովհետև  գիտելիքն այնքան արագ է կուտակվում աշխարհում, որ ոչ մի դասագիրք չի կարող սպառիչ պատասխան տալ որևէ բնագավառի բոլոր հարցերին:
Խորհրդակցության ընթացքում նախարարը պատասխանեց նաև մասնակիցների  հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ավագ դպրոցին, միասնական քննություններին, ոչ պետական բուհերին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։