Դեպի ապագա
2009-08-24
Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր ընդունեց ԵՄ դեսպան, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշեց, որ Եվրոպական Միությունը Հայաստանում կրթական բարեփոխումների իրականացման աջակիցներից է: «Տնտեսական ճգնաժամի պայմաններում Եվրոպական Միության հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանել ձեռքբերումները, այլ նաև շարժվել դեպի ապագա»:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջին մասնագիտական կրթության ոլորտում ԵՄ-ի բյուջետային աջակցությամբ իրականացվող բարեփոխումների ծրագրի ռիսկային կետերի, մասնավորապես, ուսումնական հաստատությունների վերանորոգման և սարքավորումների մատակարարման հետ կապված խնդիրները: Նախարարը նշեց, որ հաստատությունների վերանորոգման համար անհրաժեշտ գումարը ֆինանսների նախարարության կողմից հատկացվել է, և կնքվել են համապատասխան պայմանագրերը, իսկ սարքավորումների մատակարարումը և տեղադրումը կիրականացվեն սեպտեմբերի առաջին տասնօրյակում: Խոսվեց նաև իրականացվող գործընթացի հանրային իրազեկման և մասնագիտական չափորոշիչների մշակման խնդիրների մասին: Նշվեց, որ չափորոշիրչների իրավական կառուցվածքի վերաբերյալ արդարադատության նախարարությունից ստացվել են առաջարկություններ և լրամշակումից հետո դրանք կուղարկվեն հաստատման: Անդրադառնալով միջին մասնագիտական կրթական համակարգում իրականացվող ծրագրերին` նշվեց, որ դրանք քննարկվել են նախարարին կից գործող կոլեգիայի նիստում, որին մասնկակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Արդյունքում որոշում է կայացվել նախարարության աջակցությամբ գործընթացն իրականացնել կազմակերպված, արդյունավետ և հաստատված ժամանակացույցին համապատասխան: