Նախադպրոցական կրթության մատչելիություն
2009-08-19
Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր հանդիպեց Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Բրիջ հանրային աշխատանքների ծրագրի ղեկավար Հասմիկ Սարգսյանի, ծրագրի տնօրեն Նուբար Գուդսուզյանի և ծրագրի տեխնիկական ղեկավար Սեդրակ Շլեպչյանի հետ: Նուբար Գուդսուզյանը, ներկայացնելով Հայաստանում իրականացվող աշխատանքները, նշեց, որ ծրագրի նպատակն է աջակցել բնակչության խոցելի խմբերի ինքնավստահության ամրապնդմանը` կազմակերպելով շինարարական ուղղվածությամբ մասնագիտական ուսուցման դասընթացներ և ստեղծելով նոր աշխատատեղեր համայնքների առաջնահերթ ենթակառուցվածքների` մանկապարտեզների, դպրոցների վերականգնմանն ուղղված հանրային աշխատանքների ծրագրերի շրջանակում:
Նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ նախադպրոցական կրթությունը ոլորտի զարգացման գերակա խնդիրներից է, և Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրով ներդրումներն ուղղվելու են ինչպես բարձրագույն մասնագիտական, այնպես էլ նախադպրոցական կրթության ոլորտներին: Նախարարն անդրադարձավ նաև «Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրի» շրջանակում ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում և Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում փորձնական ծրագրով նախատեսված 22 համայնքում իրականացված աշխատանքներին: Նախարարն ընդգծեց նախադպրոցական կրթության մատչելիության, ինչպես նաև իրականացվող բոլոր ծրագրերի շարունակականության ապահովման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության իրավական հիմքերն ամրապնդելու նպատակով նախապատրաստել փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև համատեղ կատարել հետագա ծրագրերում նոր համայնքների ընդգրկման ընտրությունը` գործընթացը համակարգված իրականացնելու և ծրագրերի կրկնությունից խուսափելու նպատակով: