Նախարարն ամփոփեց այս տարվա առաջին եռամսյակի արդյունքները
2010-04-12
«Կրթական գործընթացներ. նախադպրոցականից մինչև հետբուհական». սա էր այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի թեման: 2010 թվականի առաջին եռամսյակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում իրականացված հիմնական գործընթացների, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված 2010 թվականի միջոցառումների ծրագրից բխող անելիքների մասին տեղեկատվությունը լրագրողներին ներկայացրեց նախարար Արմեն ԱշոտյանըÖ‰
Նախարարն անդրադարձավ կրթական բոլոր աստիճաններում իրականացվող ծրագրերին, մասնավորապես, նա նշեց, որ երեխաներին վաղ հասակից կրթության հավասար հնարավորությունների ստեղծման նպատակով Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակում շուրջ 140 համայնքում կստեղծվեն նախադպրոցական կրթության քիչ ծախսատար մոդելներ` հիմնականում դպրոցների բազայի հիման վրա: Այս տարի ծրագիրը մեկնարկելու է երկու մարզի` Արագածոտնի և Արարատի շուրջ 30 համայնքում: Ծրագիրն իր հաջողությունն ու կենսունակությունն ապացուցել է նախորդ տարի Լոռու և Շիրակի 22 համայնքում: Նախադպրոցական դասարանները կլինեն ոչ թե դասական մանկապարտեզներ, այլ համապատասխան վերազինմամբ և նախադպրոցական կրթության հիմնական տարրերը պարունակող դասարաններ, որոնցում ներգրավված կլինեն ավագ տարիքային խմբի երեխաներ, որոնք հնարավորություն կստանան օրական 4 ժամ ստանալ տարրական գիտելիքներ:
Անդրադառնալով դպրոցական դասագրքերի խնդրին` նախարարը տեղեկացրեց, որ գրեթե ավարտվել է տարբեր առարկաների շուրջ 16 դասագրքի մրցույթների ամփոփման գործընթացը. ավագ դպրոցների կոնկրետ հոսքային դասարանների համար նախատեսված 3-4 առարկաների գծով դասագրքեր այս տարի չեն հրատարակվի, որովհետև այդ դասագրքերի վերաբերյալ թե պրոֆեսորադասախոսական կազմի, թե մանկավարժների մասնագիտական կարծիքը դրական չի եղել և չի համապատասխանել ակնկալվող որակին: «Առաջին անգամ նախարարությունն իր վրա է վերցնում քաղաքական պատասխանատվություն` կանխելու վատ դասագրքի մուտքը դպրոց, և ունենալ որևէ թեկուզ և անորակ դասագիրք կամ չունենալ նոր դասագիրք առհասարակ երկընտրանքի մեջ նախարարությունն ընտրել է` չունենալ վատ դասագիրք; Շատ ավելի հեշտ է կանխել վատ դասագրքի մուտքը դպրոց, քան հետո արմատախիլ անել այդ դասագիրքը ուսումնական գործընթացից: Անորակ դասագիրքը նվազագույնը չորս տարի դառնում է ոչ միայն պատուհաս մանկավարժների և աշակերտների համար, այլև առաջացնում է բազում խնդիրներ` արժանանալով հասարակության բուռն արձագանքին»,-նշեց նախարարը: Նա հավելեց, որ իրականացվում են համապատասխան միջոցառումներ` ուսումնական գործընթացի վրա նոր դասագրքերի բացակայության բացասական ազդեցության չեզոքացման ուղղությամբ, մասնավորապես, աշակերտները կօգտվեն հին դասագրքերից, մինչև պատրաստ կլինեն համապատասխան մեթոդական ուղեցույցներ, որոնք թույլ կտան նոր ծրագրի շրջանակներում օգտագործել հին դասագիրքը:
Նախարարն անդրադարձավ նաև հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական հիմքերի խնդիրներին: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումը ենթադրում է շուրջ 60 ենթաօրենսդրական ակտերի մշակում, և ՀՀ կառավարության որոշումներով արդեն հաստատվել են հանրակրթության ոլորտը կարգավորող մի շարք իրավական փաստաթղթեր, մասնավորապես, «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը», «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը», «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմին` խորհրդի ձևավորման կարգը», ինչպես նաև «Տարրական դպրոցում համակարգչային հմտությունների ուսուցման հայեցակարգին և տարրական դպրոցում համակարգչային հմտությունների ուսուցման ներդրումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային նախագիծը:
Մշակման փուլում են` «Հավաստագրման լիազոր մարմնի ձևավորման և գործունեության կարգը», «Հավաստագրման կարգը», «Ուսումնական հաստատության և ծնողի միջև անվճար կրթական ծառայությունների մատուցման պայմանագիրը», «Հավաստագրման ծրագիրը», «Հավաստագրման նպատակով վերապատրաստում կազմակերպելու ընթացակարգը»:
«Այս ամբողջական փաթեթը հսկայածավալ աշխատանք է պահանջել և իրականացվել է նաև հասարակական և դոնոր միջազգային կազմակերպությունների փորձագետների աջակցությամբ: ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն` նախարարությունը համահունչ իրականացնում է համապատասխան գործողությունների ծրագիրը»,-ընդգծեց Ա. Աշոտյանը: Նա խոսեց նաև ավագ դպրոցների մասին` տեղեկացնելով, որ շարունակվում է ավագ դպրոցների ցանցի ընդլայնումը. գործող 48 դպրոցին այս տարի կմիանա ևս 44-ը, որոնք կգործեն միայն խոշոր բնակավայրերում: Նախարարը նշեց, որ ավագ դպրոցների ցանցը պետք է հաստատվեր դեռևս մարտի երրորդ տասնօրյակում, սակայն մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացրած դպրոցները չեն համապատասխանել չափորոշիչներին: «Առաջին ցանկում ընդգրկված էր ընդամենը 36 դպրոց, այն դեպքում, երբ այս տարի նախատեսվում էր ունենալ 44-48 դպրոց: Ակնհայտ է, որ այդ ցանկը չէր կարող հավանության արժանանալ, ուստի ՀՀ կառավարության որոշումը հետաձգվեց: Այս համատեքստում նախարարությունը ստանձնել է պատասխանատվություն` մի քիչ ուշացումով ներկայացնել այնպիսի ցանկ, որը թույլ կտա ավագ դպրոցների բարեփոխումների շրջանակում լուծել առաջադրված խնդիրները և առավելագույն կերպով համապատասխանել ավագ դպրոցների պահանջներին»,-նշեց Ա. Աշոտյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշումից հետո Համաշխարհային բանկի աջակցությամբ կիրականացվի վերոնշյալ դպրոցների գույքային համալրման, լաբորատոր սարքավորումների ձեռքբերման, համակարգչային լսարանների ստեղծման և գրադարանների հարստացման ծրագրերի ամբողջական փաթեթը: Ավագ դպրոցների ստեղծմամբ հանրակրթական միջնակարգ հաստատություններում աշակերտական և ուսուցչական խմբերի խոշոր տեղաշարժեր չեն լինի. ՀՀ ԿԳ նախարարությունը հետևողական է այս հարցում: Ա.Աշոտյանի հավաստմամբ, ավագ դպրոցների հիմնումը չի բերի մանկավարժների կրճատմանը և առիթ չի հանդիսանա «հաշվեհարդար տեսնելու այն մանկավարժների հետ, ում դպրոցի տնօրենը չի սիրում»: Նախարարը ներկաներին նաև տեղեկացրեց, որ տարվա ընթացքում ընդլայնվելու է նաև դպրոցների` համակարգիչներով ապահովման ծրագիրը. այս տարի ԿՏԱԿ-ը նախատեսում է ևս 300 դպրոց պետական բյուջեի հաշվին միացնել համակարգչային ընդհանուր ցանցին` դրանց թիվը հասցնելով 900-ի: Մնացած 500 դպրոցը մոտակա երկու տարիներին կհամակցվեն Համաշխարհային բանկի միջոցների հաշվին, որը թույլ կտա հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցները ներառել դպրոցական ինտերնետային ցանցում: Ա. Աշոտյանը նշեց, որ նախարարությունը զուգահեռաբար աշխատում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող կազմակերպությունների հետ: Վերջիններս առաջարկում են տարբեր բովանդակային ծրագրեր` ուսումնական գործընթացում որակյալ նոր կրթական նյութերի ապահովման ուղղությամբ: Նախարարը շեշտեց, որ այս տարի արգելվել են բոլոր թռիչքները, ավելին` այս առնչությամբ Կրթության պետական տեսչությունը ներկայումս մարզերում և Երևանի դպրոցներում իրականացնում է համապատասխան ուսումնասիրություններ:
Ա. Աշոտյանն անդրադարձավ նաև բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող գործընթացներին, մասնավորապես, Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերում նախատեսված է նաև մանկավարժական կրթության բարեփոխումների ծրագիր, ըստ որի ՀՀ մանկավարժական բուհերը` Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի գլխավորությամբ, պետք է ճանաչված եվրոպական մանկավարժական բուհերի հետ իրականացնեն գործընկերության ծրագիր` մոտակա երեք տարիների համար: «Արդեն աշխարհի վեց երկրի տասը բուհից ստացել ենք համապատասխան հայտեր, որոնք հրաշալի հնարավորություն են` ընտրել այն գործընկերոջը, որի հետ մեր համալսարանների գործունեությունը կենթարկվի փոփոխությունների` եվրոպական մանկավարժական կրթության ապահովման տեսակետից: Այս գործընթացը կարևոր է ոչ միայն բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների համատեքստում, այլև հանրակրթության համար հանգուցային կարևորության տեսանկյունից, որովհետև Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը մեր ապագա մանկավարժների հիմնական կադրային դարբնոցն է: Այս գործընթացը թույլ կտա մեր մանկավարժական կրթությունը բարձրացնել նոր մակարդակի` իրականացնելով առաջին անհրաժեշտության փոփոխություններ»,-նշեց նախարարը: Նա անդրադարձավ նաև բուհերում կոռուպցիոն ռիսկերի խնդրին: Ա. Աշոտյանը նշեց, որ բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվում է ընդհանուր հակակոռուպցիոն ռազմավարությունից զատ իրականացնել նաև նպատակային, թիրախային գործողություններ` յուրաքանչյուր բուհի համար: Նա նշեց, որ ակնկալվում է միջազգային դոնոր կազմակերպությունների օգնությունը` ամեն մի պետական բուհի համար մշակելու հակակոռուպցիոն միջոցառումների փորձնական ծրագիր` ինչպես կոռուպցիոն մարտահրավերների նվազման, այնպես էլ կոնկրետ բուհերում կոնկրետ խնդիրներ լուծելու նպատակով:
Ասուլիսի ընթացքում Ա. Աշոտյանն անդրադարձավ նաև 2010 թվականի առաջին եռամսյակում նախատեսված «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կարգ»-ի հետաձգման պատճառներին: Նախարարը նշեց, որ այն պայմանավորված է երկու հանգամանքով. առաջին` ՀՀ կառավարության պետական ապարատի բարեփոխումների շրջանակում նախարարությունները ենթարկվել են ֆունկցիոնալ վերլուծության, և յուրաքանչյուր նախարարության համար նախանշվել է գործողությունների ծրագիր, որով ավելի հստակ տարանջատվում են նախարարության տարբեր ստորաբաժանումների լիազորությունները: «Կրթության և գիտության նախարարությունն առաջինն էր, որ իրականացրեց կանոնադրական այն փոփոխությունները, որոնք համահունչ են կառավարչական նոր բարեփոխումներին, և այստեղից բխող լիազորություններից մեկը, որը նախկինում վերապահված էր ԲՈՀ-ին, ներառվել է նախարարության ստորաբաժանումներից մեկի լիազորությունների շրջանակում: Բացի այդ, առկա է գիտության կառավարման հետ կապված հսկայական փաթեթ, որը վերաբերում է գիտության զարգացման գերակա ուղղություններին և ռազմավարական ծրագրերին: Անցյալ տարի մենք նախագծել ենք ԳԱԱ-ի մասին օրենքի նախագիծ, որն ապրիլին կներկայացվի ՀՀ կառավարությանը: Գիտության կառավարման բնագավառը կանգնած է լուրջ փոփոխությունների առջև, և ավելի ընդհանրական մոտեցումներ ցուցաբերելու տեսակետից մենք նպատակահարմար ենք գտել «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կարգ»-ի հաստատումը հետաձգել, որպեսզի այն համահունչ լինի իրավական նորմատիվ նոր փաթեթի տրամաբանությանը»,-ընդգծեց նախարարը:
Ասուլիսի վերջում նախարարը պատասխանեց նաև լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին վարկային միջոցների օգտագործման արդյունավետությանը, բուհական ընդունելության նոր կարգին, դպրոցական ծրագրերի բեռնաթափմանը, օտար լեզվով հանրակրթության իրականացմանը: Վերջինիս վերաբերյալ նախարարը նշեց, որ նախարարությունը պատրաստել է լեզվին և հանրակրթության ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխություններ ու լրացումներ կատարելու փաթեթ, որի ընդունման դեպքում հանրապետությունում հնարավոր կլինի կազմակերպել նաև այլալեզու հանրակրթություն, այն է` ստեղծել լեզվական թեքումով, մասնավորապես, ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցներ: «Նման դպրոցների ստեղծման պարագայում ռուսական դպրոցներում հայ աշակերտների համատարած ընդունելություն չի լինի. կգործի ընդունելության խիստ կարգ: Բացի դրանից, դպրոցն ավարտող Հայաստանի Հանրապետության քաղաքացուց կպահանջվի «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և «Հայ եկեղեցու պատմություն» առարկաներից նույնքան գիտելիք, որքան հանրակրթական սովորական ուսումնական հաստատությունների շրջանավարտից»,-ավելացրեց Ա. Աշոտյանը` նշելով, որ, նշված դպրոցների գործունեությունը նպաստավոր կլինի նաև դպրոցական համաշխարհային ցանցին միանալու առումով, որը կբերի օտար լեզուներով գիտելիքի դպրոցական բարձր որակի, ինչպես այսօր բուհական համակարգում է` Հայաստանի ամերիկյան, ֆրանսիական, սլավոնական համալսարանների գործունեության շնորհիվ»:
Ամփոփելով ասուլիսը` նախարարը մեկ անգամ ևս հավաստիացրեց, որ «որևէ բարեփոխում, անգամ մեծ ներդրումների, կատարյալ «կրթական օրենսգրքի», ամենաթափանցիկ և հակակոռուպցիոն միջոցառումների դեպքում, չի կարող հաջողությամբ պսակվել, եթե չփոխվի մարդկանց մտածելակերպը»: «Մենք ունենք բեկումնային աճի մի հրաշալի ռեսուրս` դա մտածելակերպի փոփոխությունն է`ծնողների, ուսուցիչների, աշակերտների, դասախոսների, նախարարի: Որևէ բարեփոխում արդյունավետություն չի ունենա, եթե փորձ արվի շրջանցել այն: Կրթական բարեփոխումների թիվ մեկ գրավականը կրթությունը` որպես բարեկեցության նախապայման, գերագույն արժեքներից մեկը դիտարկելն է, և կրթության մասին վկայող փաստաթուղթն ընդամենը ձևակերպումն է մեր գիտելիքների»,-նշեց Ա. Աշոտյանը:












