Մեկնում են` վերադառնալու ակնկալիքով

2009-08-14

Վերապատրաստման մեկամսյա դասընթացների ավարտի կապակցությամբ սփյուռքահայ ուսուցիչներն այսօր հանդիպեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին: Կարևորելով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը` նախարար Ա. Աշոտյանը նշեց. «Դուք հայրենիք եք եկել ոչ միայն վերապատրաստվելու, այլև շփվելու Հայաստանի մշակույթի, հոգևոր և կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի ձեր ստացած գիտելիքներն ու տպավորությունները փոխանցեք մեր հայրենակիցներին»: Նա ավելացրեց, որ հնարավորին ամեն ինչ արվել է, որպեսզի ուսուցիչները կարողանան ստանալ ավելին, քան նախատեսված էր ծրագրով:
Հանդիպման ընթացքում անկեղծ զրույց ծավալվեց ուսուցիչների և նախարարի միջև: Ուսուցիչներն իրենց շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին` նշելով, որ դասընթացներն իրենց կազմակերպական և բովանդակային բնույթով աննախադեպ էին: Ուսուցիչների մեծ մասը ցանկություն հայտնեց հաջորդ տարի ևս մասնակցել դասընթացներին: Նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը, շնորհավորելով ուսուցիչներին դասընթացների  ավարտի կապակցությամբ, նշեց. «Համաշխարհային մշակույթ ստեղծելը դժվար է, առավել դժվար է այդ մշակույթը յուրացնելը»: Նա խորհուրդ տվեց ուսուցիչներին գաղթօջախներում առավել ուշադիր լինել տեղի մանկավարժական նորամուծությունների ու փորձի նկատմամբ, որը կարող են օգտագործել ոչ միայն իրենց աշխատանքում, այլև  հետագա վերապատրաստումների ընթացքում փոխանցել գործընկերներին:
Հանդիպման ավարտին ուսուցիչները ստացան համապատասխան վկայագրեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։