Ուշադրություն գիտակ և կիրթ մարդկանց նկատմամբ
2009-08-14
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր կազմակերպվել էր մամուլի ասուլիս` «Ինտելեկտուալ խաղերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով, որին մասնակցում էին նախարար Արմեն Աշոտյանը, Ինտելեկտուալների ասոցիացիայի փոխնախագահ Արա Ավետիսյանը և Հարավային Կովկասի տասնմեկերորդ առաջնության հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Քոչարյանը: Ողջունելով ներկաներին` նախարար Ա. Աշոտյանը նշեց, որ այն հասարակությունը, որը գերակայություն է հռչակել գիտելիքահենք տնտեսությունը և հասարակությունը, պետք է ուշադիր լինի գիտակ և կիրթ մարդկանց նկատմամբ, որպեսզի նրանց միջոցով հնարավոր լինի գիտելիքների արժեքը վերադարձնել հենց նույն հասարակությանը:
Այս գործընթացին պետական աջակցությունից բացի նախարարը կարևորեց նաև զանգվածային լրատվամիջոցների մասնակցությունը և հետևողական վերաբերմունքը գիտելիքի քարոզման խնդրում: Ինտելեկտուալների ասոցիացիայի փոխնախագահ Արա Ավետիսյանը և հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Քոչարյանը խոսեցին հուլիսի 24-ից 26-ը Քոբուլեթ /Վրաստան/ քաղաքում կայացած Հարավային Կովկասի տասնմեկերորդ առաջնության մասին, որին մասնակցել է 47 թիմ, այդ թվում` 5 հայկական, 28 վրացական և 14 ադրբեջանական: Հայաստանն առաջնությունում ներկայացրել են «Հայեր-Քաշաթաղ», «Վարանդա», «Սենատորներ», «Հայաստան» և «Պերեզագրուզկա» թիմերը: Առաջնությունը կազմակերպվել է չորս հիմնական մրցաշարերով` «ԻՎնչ, որտեՎղ, եՎրբ», «Բրեյն-ռինգ», «Սեփական խաղ» և «Էրուդիտ-սեկստետ»: Երեք հանրապետությունների հավաքականների պայքարում «Էրուդիտ-սեկստետ» մրցաշարում հաղթող է ճանաչվել Հայաստանի հավաքականը: «ԻՎնչ, որտեՎղ, եՎրբ» մրցաշարում երևանյան «Պերեզագրուզկա» թիմը /ավագ Տ. Քոչարյան/ երկրորդ տեղն է կիսել Ադրբեջանի «Զանգեզուր» թիմի հետ: Ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի տասնմեկերորդ առաջնությունում Հայաստանի Հանրապետության հավաքականը նվաճել է առաջնության գավաթը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ կառավարությունը պետական աջակցություն է ցուցաբերում ինտելեկտուալ խաղերի Հայաստանի ուժեղագույն թիմերին: Այս տարի նախատեսվում է նաև կազմակերպել ինտելեկտուալ խաղերի փառատոն նախարարությունների և գերատեսչությունների միջև, ինչպես նաև Հայաստանի գավաթի բաց խաղարկություն:
Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի հաջորդ առաջնությունը կանցկացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում: