Խիստ և պահանջատեր` կրթության որակի նկատմամբ
2009-08-10
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության սոցիալական բարեփոխումների գրասենյակի ղեկավար Սանգիտա Փաթելին: Ողջունելով հյուրերին` նախարարը նշեց, որ ամերիկյան կազմակերպությունները և Ամերիկայի դեսպանատունը մասնավորապես ակտիվ ներգրավվածություն ունեն կրթական բաղադրիչ պարունակող մի շարք ծրագրերում:Բարձրագույն կրթության ոլորտում նախարարը կարևորեց լիցենզավորման և հավատարմագրման գործընթացների շնորհիվ պետության կողմից կրթության որակի ապահովման խնդիրը:
«Կրթության որակի նկատմամբ խիստ և պահանջատեր լինելը նախարարության գերակա ուղղություններից է: Այդ համատեքստում խիստ կարևորված է համապատասխան տեղեկատվական բազայի առկայությունը, որի ձևավորման գործում մենք ակնկալում ենք նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությունը»,-նշեց նախարարը: Նա նաև անդրադարձավ հանրակրթության ոլորտում շուրջ վաթսուն նորմատիվ ակտերի մշակման անհրաժեշտությանը, որոնք բխում են վերջերս ընդունված համապատասխան օրենքից: Նորմատիվ դաշտի լրամշակման գործում նախարարը կարևորեց հասարակական երկխոսության և քննարկման անհրաժեշտությունը` միջազգային կարող ուժերի և ռեսուսրների ներգրավմամբ:
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության սոցիալական բարեփոխումների գրասենյակի ղեկավար Սանգիտա Փաթելին նշեց, որ գործակալությունը իրականացրել է ոլորտի կարիքների գնահատում` երկարաժամկետ և լուրջ ֆինանսական ներդրումներ պահանջող ծրագրեր իրականացնելու համար: 2004 թվականից գրասենյակը ներառական կրթության ծրագիր է իրականացնում ՀՀ տարբեր մարզերում և ակնկալվում է, որ մինչև 2011 թվականը շուրջ հիսուն դպրոց կներգրավվի այդ գործընթացում:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև հեռավար ուսուցման, հանրակրթական ուսումնական հաստատություններում բուժկետերի բարելավման խնդիրներ:
Անդրադառնալով ներառական կրթության խնդիրներին` նախարարը նշեց, որ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում այս ոլորտին և վերջին տարիներին ներդրումներ է կատարել: