Փախստականների` կրթության իրավունքի ապահովումն ուշադրության կենտրոնում

2009-08-10

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին գրասենյակի կատարած աշխատանքները և փախստականների կրթական խնդիրներին առնչվող հարցեր: Նախարարը նշեց, որ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը տարիներ շարունակ նպաստել է նրանց` հասարակության ինտեգրմանը, չնայած այսօր էլ դրան խոչընդոտող մի շարք խնդիրներ կան` սոցիալական, տնտեսական, ինչպես նաև լեզվական և կրթական:
Նա հավաստիացրեց, որ  փախստականների սոցիալական խնդիրները, այդ թվում նաև կրթության իրավունքի ապահովումը, միշտ նախարարության ուշադրության կենտրոնում է:
 Բուշրա Հալեպոտան տեղեկացրեց, որ Հայաստանի տասներկու բուհում արդեն ընթանում են փախստականների իրավունքների վերաբերյալ դասընթացներ, և նա ապավինում է նախարարության աջակցությանը` մյուս բուհերում ևս այդ դասընթացները ներդնելու համար: Գրասենյակի ներկայացուցիչն անդրադարձավ փախստականների հարցերի շուրջ դասագրքերի ստեղծման անհրաժեշտությանը: Նա տեղեկացրեց նաև, որ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը աջակցություն է ցուցաբերել դպրոցաշինական ծրագրերին, մասնավորապես, վերանորոգվել են մի շարք ուսումնական հաստատություններ: Բուշրա Հալեպոտան խոսեց նաև հետագայում ուսումնական հաստատությունները համապատասխան մարզական պարագաներով հագեցնելու և տարբեր միջոցառումներ անցկացնելու անհրաժետության մասին: Նա նաև կոչ արեց ընդլայնել տարբեր ծրագրերում փախստականների ընդգրկվածութան աստիճանը:
Անդրադառնալով հյուրի բարձացրած խնդիրներին` նախարարը նշեց, որ կրթության և գիտության նախարարությունը հնարավորությունների սահմաններում կփորձի աջակցել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգ ընդունված փախստականներին` նրանց անվճար համակարգ տեղափոխելու հարցում` նկատի ունենալով նրանց սոցիալական վիճակը: Նա նաև կոչ արեց փախստականներին`  ներգրավվել օտարերկրյա  ուսանողների համար ՀՀ բուհերում կազմակերպվող նախապատրաստական բաժիններում` իրականացնելով իրենց կրթական իրավունքը: Անդրադառնալով դասագրքերի խնդրին` նախարարը ողջունեց գաղափարը` նշելով, որ բուհերի կողմից համաձայնություն ստանալուց հետո նախարարությունը պատրաստ է այն ուղարկել փորձաքննության: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև երկկողմանի փոխըմբռնման հուշագրի ստորագրման անհրաժեշտությանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։