Մասնագիտական կրթության և մարզական հաջողությունների զուգակցում
2009-08-10
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հուլիսի 1-12-ը անցկացվեցին Համաշխարհային ուսանողական 25-րդ մարզական խաղերը (Ունիվերսիադա), որոնց մասնակցում էր նաև Հայաստանի մարզական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էր 14 մարզիկ, 4 մարզիչ և 1 մրցավար: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ուսանող մարզիկները մասնակցեցին ձյուդոյի, թաեքվանդոյի, սուսերամարտի և սեղանի թենիսի մրցումներին: Ունիվերսիադայի ընթացքում Հայաստանի ազգային դրոշը բարձրացվեց երեք անգամ:
Այս կապակցությամբ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ Ունիվերսիադայի մրցանակակիրների պարգևատրություն: Ողջունելով և շնորհավորելով մրցանակակիրներին և մարզիչներին` նախարար Արմեն Աշոտյանը նշեց. «Ուսանողական մարզական ֆեդերացիան դեռևս շատ անելիքներ ունի, սակայն գոհացուցիչ է, որ մեր բուհերի ուսանողները հաջողում են զուգակցել մասնագիտական կրթությունը մարզական հաջողությունների հետ: Մեր հավաքականն իրականում փոքր կազմով էր մեկնել Սերբիա, բայց կարողացավ այդքան բարձր վարկանիշ ունեցող մրցումներից վերադառնալ երեք մեդալով, որը լավ արդյունք է»: Նախարարը հույս հայտնեց, որ հաջորդ` 2011թվականի Չինաստանի Ունիվերսիադային մեր բուհերի ուսանողներն առավել պատրաստված կմասնակցեն:
Համաշխարհային 25-րդ ունիվերսիադայում ցուցաբերած մարզական բարձր արդյունքների համար ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերի և դրամական պարգևների արժանացան հետևյալ մարզիկները և մարզիչները`
Համբարձում Տոնոյան / ձյուդո /- Ունիվերսիադայի արծաթե մեդալակիր,
Գյումրու Մ. Նալբանդյանի անվ. պետ.
մանկավարժական ինստիտուտի 2009թ.
շրջանավարտ
Արթուր Սրապյան /ձյուդո/- Ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր,
Գյումրու Մ. Նալբանդյանի անվ. պետ.
մանկավարժական ինստիտուտի 3-րդ
կուրսի ուսանող
Արման Երեմյան /թաեքվանդո/- Ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր,
Ֆիզիկական կուլտուրայի հայկական
պետական ինստիտուտի 4-րդ կուրսի
ուսանող
Արթուր Գևորգյան- Հայաստանի ուսանողական մարզական
պատվիրակության ձյուդոյի թիմի մարզիչ,
ՀՀ ազգային հավաքական թիմի գլխ.
մարզիչ
Գևորգ Դանիելյան- Հայաստանի ուսանողական մարզական
պատվիրակության թաեքվանդոյի թիմի
մարզիչ, ՀՀ ազգային հավաքականի թիմի
գլխ. մարզիչ