Հաղթողները` որպես հայրենասիրության ու հայրենաճանաչության օրինակ

2009-08-03

«Հայ ասպետ» հեռուստախաղի հաղթող` Ջերմուկի թիվ 1, Երևանի Ն. Գոգոլի անվան թիվ 35  և Ապարանի թիվ 2 դպրոցների թիմերի մասնակիցներն այսօր հյուրընկալվել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, ուր նրանց ընդունեց նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը, ողջունելով խաղի կազմակերպիչներին, աշակերտներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին, նշեց. «Ուրախալի է, որ հեռուստախաղի հաղթողները հիմնականում ներկայացնում են  մարզերի դպրոցները. սա ապացույց է այն փաստի, որ, անկախ սոցիալական առկա խնդիրներից, մարզերի աշակերտները ոչ միայն չեն զիջում, այլև շատ հաճախ գերազանցում են մայրաքաղաքի դպրոցներին»:
Անդրադառնալով «Հայ ասպետ» հեռուստախաղին` նախարարն ընդգծեց, որ այն դուրս է եկել խաղի շրջանակից ու արդեն դարձել է շարժում: Հայրենագիտությունը մեր պետության առաջնահերթություններից է, ու կրթության և գիտության նախարարությունը հետագայում կփորձի խաղին ցուցաբերել ոչ միայն կազմակերպչական, այլև ֆինանսական աջակցություն: «Ձեր գիտելիքներով ու թիմային աշխատանքի հմտություններով դուք կարողացաք դառնալ ոչ միայն Ձեր հասակակիցների, այլև ողջ հասարակության համար հայրենասիրության ու հայրենաճանաչության օրինակ»,-նշեց նախարարը:
Ա. Աշոտյանը հույս հայտնեց, որ հաջորդ եթերաշրջանում կընդլայնվի նաև խաղի մասնակիցների աշխարհագրությունը` ներառելով սփյուռքի հայկական գաղթօջախների դպրոցները: Դա հնարավոր կլինի կազմակերպել հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադայի ու հայագիտական գիտելիքներիի մրցույթի շրջանակում` հայրենիք ժամանած աշակերտների ներգրավմամբ:
Կազմակերպիչները և աշակերտները շնորհակալություն հայտնեցին նախարարին` հեռուստանախագծին  աջակցելու և ընդունելության համար:
Հանդիպման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հաճելի ուղևորություն ցանկացավ հաղթող թիմերի աշակերտներին և հույս հայտնեց, որ նոր ուսումնական տարին նրանք կսկսեն նույն եռանդով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։