Աշխատանքային հանդիպում
2009-07-27
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լի Լեյսիի հետ: Ողջունելով հյուրին` նախարարը նշեց, որ ամերիկյան կազմակերպություններն իրենց ծրագրերում առաջնահերթությունը հաճախ տալիս են կրթական հարցերին, որն էլ հիմք է հանդիսանում արդյունավետ համագործակցության: Նախարարը ներկայացրեց կրթական համակարգի բոլոր աստիճաններում իրականացվող բարեփոխումների ընթացքը` կարևորելով նաև գործընկեր կազմակերպությունների դերը:
Հայաստանյան գրասենյակի տնօրեն Լի Լեյսին ներկայացրեց, որ 1992 թվականից Հայաստանում գործող Խաղաղության կորպուսի գրասենյակի աջակցությամբ ավելի քան վեց հարյուր կամավոր է ծառայել ՀՀ մարզերում` անգլերենը որպես օտար լեզվի ուսուցման, համայնքի և բիզնեսի զարգացման, ինչպես նաև առողջապահական և բնապահպանական կրթության ոլորտներում: Ներկայումս հանրապետությունում աշխատում է շուրջ յոթանասուն կամավոր, ևս քառասունյոթը, մինչև իրենց հիմնական վայրը տեղափոխվելը, անցնում են մասնագիտական, մշակութային և հայոց լեզվի վերապատրաստման 11-շաբաթյա դասընթացներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցությամբ Խաղաղության կորպուսն իրականացնում է անգլերեն լեզվի դասընթացներ, որոնց հիմնական նպատակն անգլերենի դասավանդման որակի և կրթական հնարավորությունների բարձրացումն է: Կամավորները, տեղի հայ մասնագետի հետ համատեղ, ժամանակակից մեթոդներով իրականացնում են հիշյալ գործընթացը: Կամավորների վերաբաշխումն իրականացվում է` ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց համագործակցության ընդլայնման նպատակով ներկայացնել առաջարկություններ, որոնք համապատասխան քննարկումներից հետո կարող են կյանքի կոչվել: