Լինենք պահանջատեր

2009-07-27

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը հուլիսի 22-27-ը կազմակերպել էր արդեն ավանդույթ դարձած ամառային ճամբար, որին մասնակցում էր հանրապետության բոլոր մարզերի տնտեսագիտություն ուսումնասիրած շուրջ 75 աշակերտ, ովքեր, հաջողությամբ հանձնելով տարեվերջյան քննություն տնտեսագիտություն առարկայից, ձեռք էին բերել Ծաղկաձորում հնգօրյա ակտիվ հանգիստ անցկացնելու հնարավորություն: «Հայաստանի պատանեկան նվաճումների» ամառային ճամբարն արդեն գործում է տասնչորս տարի, որի ընթացքում մասնակիցները հանդիպումներ են ունեցել պետական բարձրաստիճան այրերի, քաղաքական և հասարակական գործիչների, տեղական և արտասահմանյան գործարարների հետ:

Այս տարին ևս բացառություն չէր. հուլիսի 25-ին երեխաներին այցելել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը: Հանդիպման ընթացքում անմիջական և հետաքրքիր քննարկում ծավալվեց երեխաների և նախարարի միջև: Ողջունելով ներկաներին` նախարարը նշեց, որ ամառային ճամբարը ոչ միայն ընդլայնում է մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները տնտեսագիտությունից, այլև նպաստում քաղաքացիական դաստիարակությանը, հնարավորություն տալիս  խորհել պետության խնդիրների շուրջ, չմեկուսանալ հասարակությունից և դառնալ նրա ակտիվ մասնիկը:  Ա. Աշոտյանը ներկաների հետ կիսեց իր տեսակետներն ու մտահոգությունները կրթության հիմնախնդիրների շուրջ, ինչպես նաև աշակերտներին տվեց մի շարք կարևոր խուրհուրդներ: «Ընտրեք այն մասնագիտությունը, որն, իրոք, սիրում եք, և որը ձեր մեջ նստած է որպես առաքելություն: Բաց եղեք աշխարհին, սովորեք լեզուներ, ստացեք միջազգային որակյալ կրթություն, բայց միշտ վերադարձեք Հայաստան, որպեսզի յուրաքանչյուրդ ձեր գիտելիքով հարթեք  ձեր ճանապարհը: Կրթական համակարգը պետք է ձևավորի այնպիսի արժեհամակարգ, որը երեխային զինի ոչ միայն  տարբեր հմտություններով ու գիտելիքներով, այլև պատրաստի մեր անկախ պետության լիիրավ և հպարտ քաղաքացիներ»,-աշակերտներին հորդորեց նախարարը:
Հանդիպման ավարտին նախարարը պատասխանեց երեխաներին հուզող հարցերին: Աշակերտներից մեկին հետաքրքրում էր պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ սովորելու հնարավորությունը: Նախարարը նշեց, որ կրթական համակարգը երկու գերխնդիր ունի, այն է` կրթության որակ և մատչելիություն: «Կրթությունը ծառայություն է, որը պետք է մատուցվի ցանկացած անձի` անկախ նրա սոցիալական խավի պատկանելիությունից»,- նշեց նախարարը: Նա տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի վարկային երկրորդ  ծրագրով նախատեսվում է ներդնել ուսանողական վարկերի համակարգը, որը թույլ կտա մեղմել իրավիճակը: Նա նաև նշեց, որ այսուհետ  պետպատվերը ձևավորելիս պետությունը պետք է ելնի աշխատաշուկայի պահանջներից` այսպիսով լուծելով պետության առաջնահերթությունների խնդիրը:
Հարց հնչեց նաև ընդունելության քննությունների վերաբերյալ: Ա. Աշոտյանը նշեց, որ ցանկալի կլիներ, որ հասարակության ուշադրությունն ուղղվեր բուհական ավարտական քննությունների խնդիրներին: «Ավելի կարևոր է, թե ինչպիսի մասնագետներ են ավարտում բուհը, քան ընդունվում, որը դեռ որակյալ մասնագետ դառնալու երաշխիք չէ: Ուսանողը պետք է պահանջի բուհից որակյալ կրթություն` պահանջատերը լինելով իր ծախսած ժամանակի և միջոցների»,-նշեց նա::
Հարցեր հնչեցին նաև ավագ դպրոցների գործընթացի, ոչ պետական բուհերի մատուցած ծառայությունների և որակի մասին:
Միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները շնորհավորեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին` ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։