«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՑԿՅԱՆՍ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
2009-07-22
ՆԱԽԱԳԻԾ
Հավանություն տալ` Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության հայեցակարգին` համաձայն հավելվածի:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2009թ գործունեության միջոցառումների 151-րդ կետով («Մեծահասակների կրթության հայեցակարգ») : Ներկայացված հայեցակարգում անվան փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ «ցկյանս ուսումնառություն» հասկացությունն առավել ընդգրկուն է և իր մեջ ներառում է մարդու ողջ կյանքի ընթացքում ուսումնական բոլոր գործողությունների ամբողջությունը` նպատակ ունենալով կատարելագործել անձի գիտելիքները, հմտություններն ու կարողությունները:
Հայեցակարգի ընդունումը հիմք կծառայի Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության բնագավառի օրենսդրական կարգավորման համար անհրաժեշտ նախաձեռնությունների (գործող իրավական ակտերում, այդ թվում` օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու և (կամ) նոր իրավական ակտեր, հնարավոր է նաև` նոր օրենք ընդունելու) համար:
«Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության հայեցակարգի» հիմնական նպատակներն են`
•սահմանել Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության հասկացությունը և դրա հիմնական գործառույթները,
•նկարագրել Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության համակարգի կառուցվածքն ու վերլուծել այդ բնագավառում տիրող իրավիճակը,
•հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության հիմնախնդիրներն ու առաջարկություններ ներկայացնել դրանց լուծման ուղղությունների և անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ, որոնք կնպաստեն`
Հայաստանի Հանրապետությունում ուսումնառող հասարակության ստեղծմանը, այն է` քաղաքացիների ցկյանս ուսումնառության մատչելիության ապահովմանն ու դրա պատշաճ պայմանների ձևավորմանը,
Հայաստանի Հանրապետության տնտեսական, մշակութային ու տեխնոլոգիական զարգացման հետևանքով առաջացած մարտահրավերների հաղթահարմանը քաղաքացիների կողմից,
անհատներին` աշխատաշուկայում հաջողությամբ ընդգրկվելու հնարավորությունների ընձեռմանը,
սոցիալական ներառմանը և սոցիալական արդարության ձևավորմանը,
ցկյանս ուսումնառության միջոցով քաղաքացիների բարեկեցության ապահովմանը.
•առաջարկել Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության իրականացման հիմնական սկզբունքները: