Ավագ դպրոցը բարեփոխումների անկյունաքարն է

2009-07-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտում երկկողմ հարաբերությունների պահպանման և զարգացման հարցեր: Անդրադառնալով ֆինանսական ճգնաժամի հետևանքներին` նախարարը նշեց, որ Կառավարությունը ջանք չի խնայում կրթության ոլորտում գործունեության հիմնական ուղղությունների պահպանման գործում` չնայած գործընթացները հասկանալի պատճառներով դանդաղել են:

Կառավարման նոր մեթոդների ներդրման ուղղությամբ նախարարը կարևորեց նախարարության աշխատակազմի կարողությունների հզորացման խնդիրը: Նախարարն անդրադարձավ օրենսդրական բարեփոխումների և  կրթական նոր օրենսգիրք ստեղծելու անհրաժեշտությանը, որում զետեղված կլինի կրթական ոլորտին առնչվող ողջ իրավական փաթեթը:
Ներկայացնելով նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը` նախարարը նշեց, որ ոլորտի նկատմամբ պետական ուշադրությունը նախ և առաջ պայմանավորված է խնդրի սոցիալական կարևորությամբ և կրթության մատչելիությամբ: Անցում կատարելով ավագ դպրոցներին` Ա. Աշոտյանն ընդգծեց, որ ավագ դպրոցների գործընթացը ոլորտի անկյունաքարային բարեփոխումներից մեկն է. այն միտված է հանրակրթության ոլորտում նոր որակի խնդիրներ լուծելու և ապահովելու ավելի սահուն անցումը դեպի միջին և բարձրագույն մասնագիտական կրթություն: «Ավագ դպրոցը պետք է հանդիսանա այն հանգույցը, որից կբացվեն բոլոր ճանապարհները»,- հույս հայտնեց նախարարը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև կրթությունից դուրս մնացած երեխաներին առնչվող հարցեր:
Անդրադարձ եղավ նաև հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման գործում երկկողմանի համագործակցության անհրաժեշտությանը: Նախարարը նշեց, որ վերոնշյալ ծրագրերի միջոցով, մասնավորապես, քննական գործընթացներում նախատեսվում է նվազեցնել մարդկային գործոնի ազդեցությունը` կիրառելի դարձնելով նորագույն տեխնոլոգիաների միջոցով հատկապես արդյունքների ամփոփման գործընթացը:
Մարի Յովանովիչը նշեց, որ ԱՄՆ կառավարության ՀՀ կրթական ոլորտում իրականացվող ծրագրերը փոքրաքանակ են, և հետագայում պետք է այդ բացը լրացնել: Նա հատկապես նշեց ավագ դպրոցների և բուհերի վարչական պատասխանատուների համար անցկացվող փոխանակման ծրագրերի մասին և հույս հայտնեց, որ դրանք հետագայում կընդլայնվեն:
Անդրադարձ եղավ նաև «Երևանի միջազգային որակյալ դպրոցների» կարգավիճակին ու գիտության և գիտատեխնիկական ոլորտում երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության նախատեսվող համաձայնագրին առչվող հարցերին:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։