Կայացավ կոլեգիայի անդրանիկ նիստը
2009-07-21
2001 թվականից ի վեր առաջին անգամ իր աշխատանքները վերսկսեց ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիան, որի անդրանիկ նիստը վարում էր կոլեգիայի նախագահ, նախարար Ա. Աշոտյանը: Կոլեգիայի կազմում ընդգրկված են համակարգի կառույցների ղեկավարներ, ՀՀ նախագահի, Ազգային Ժողովի, Կառավարության աշխատակազմերի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ:
Բացելով նիստը` նախարարը նշեց. «Պատմական օր է այսօր, որովհետև երկարատև դադարից հետո ԿԳ նախարարին կից կոլեգիան վերսկսում է իր աշխատանքները: Հուսով եմ, որ ինչպես համատեղ աշխատակարգով սահմանված, այնպես էլ այդ աշխատակարգի շրջանակից դուրս, մեր աշխատանքն արդյունավետ կլինի: Կրթությունը և գիտությունը ռազմավարական կարևորության ոլորտներ են, և դրանց մեծ տեղ է հատկացված ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգում: Այս դիտարկումը մեզ համար պետք է դառնա որպես աշխատանքի հիմնական թելադրող»:
Կոլեգիայի նիստի օրակարգում ընդգրկված էին ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի աշխատանքների, նախնական և միջին մասնագիտական կրթության բարեփոխումների ծրագրի ընթացքի մասին և այլ հարցեր: Անդրադառնալով կոլեգիայի նիստի օրակարգ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի խնդիրները ներգրավվելու որոշմանը` նախարարը կոլեգիայի անդամներին պարզաբանեց, որ խնդիրն արդիական և հրատապ է դարձել` հաշվի առնելով, որ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումները հիմնականում իրականացվում են Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակում: Մի շարք խնդիրներ են առաջացել 2010 թվականին ոլորտին տրամադրվող դրամաշնորհի հետ կապված: Մոնիտորինգային հանձնաժողովը որոշակի ռիսկայնություն է տեսել աշխատանքների այս փուլում, և որոշակի վտանգներ կան` ծրագրի հետագա լայնածավալ ֆինանավորման և իրականացման հետ կապված:
Զեկույցներով հանդես եկան ՀՀ ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ա. Աղբալյանը և ՀՀ կրթության ազգային ինստիտուտի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի /ՄԿՈՒԶԱԿ/» հիմնարկի տնօրեն Ս. Պիպոյանը:
Ա. Աղբալյանը նշեց, որ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումները սկսել են 2005թվականից, իսկ լայնածավալ փոփոխությունների փուլ թևակոխել են 2007 թվականից: Աշխատանքներն իրականացվել են ինչպես ՀՀ պետական բյուջեի միջոցների, այնպես էլ միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից: Այս համատեքստում նա ներկայացրեց «2007թ. գործողությունների ծրագրի ներքո ոլորտային քաղաքականության աջակցության ծրագիր` ուղղված աղքատության կրճատմանը` նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման /ՄԿՈՒ/ ոլորտներում բարեփոխումների իրականացման ճանապարհով ծրագրի» շրջանակում իրականացված աշխատանքները և 2010-2011թթ. համար նախատեսվող միջոցառումները: Տեղեկացվեց, որ ծրագիրը թևակոխել է ավարտական փուլ. նախապայմանների իրականացման ընթացքն ուսումնասիրելու համար օգոստոս ամսին նախատեսվում է ԵՄ մոնիտորինգի խմբի այցելություն, որի ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքներով կպայնավորվի հետագա դրամաշնորհի տրամադրման հարցը: Ներկայացվեցին ծրագրի հետ կապված բոլոր ռիսկերը և դրանց նվազեցմանը միտված միջոցառումները:
Ս. Պիպոյանը ներկայացրեց «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի /ՄԿՈՒԶԱԿ/» հիմնարկի հիմնական գործառույթները, որոնք, մասնավորապես, վերաբերում են ՄԿՈՒ ավելի քան 130 մասնագիտության և որակավորումների կրթական չափորոշիչների, ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի (մոդուլների), դասագրքերի մշակմանը, ՄԿՈՒ շուրջ 4000 դասավանդողի պարբերաբար վերապատրաստման կազմակերպմանը, ՄԿՈՒ համակարգում գնահատման կրեդիտային համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքների կատարմանը, մեծահասակների կրթության և ողջ կյանքի ընթացքում շարունակական կրթության ապահովման գործնական նախադրյալների ստեղծմանը, ՄԿՈՒ միջազգային փորձի ուսումնասիրմանը, տեղայնացմանը և այլն:
Զեկուցումներից հետո կոլեգիայի անդամները հարցեր ուղղեցին զեկուցողներին: Նիստի վերջում քննարկված բոլոր հարցերի շուրջ կոլեգիան կայացրեց որոշում: