Հայապահպանությունը` որպես ՀՀ կառավարության գերակայություն
2009-07-21
Աշխարհի 14 երկրի 70 ներկայացուցչի մասնակցությամբ մեկնարկեցին սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ Եգիպտոսից, Թուրքիայից, Քուվեյթից, Իրաքից, Սիրիայից, Ղազախստանից, Լիբանանից, Իրանից, Գերմանիայից, Բուլղարիայից, Արգենտինայից և ԱՄԷ-ից: Վերապատրաստումներն իրականացվելու են չորս տարբեր խմբերում` մանկապարտեզների, նախակրթարանների, մեկօրյա դպրոցների և միջին և ավագ դպրոցի ուսուցիչների համար: Որպես դասավանդողներ հրավիրված են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Սփյուռքի տարբեր գաղթօջախների դասախոսներ, ինչպես նաև Կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ:
Դասընթացների մեկնարկին ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ երկար տարիներ իրականացվող այս ծրագիրն իր արդյունավետությամբ ամենաշնորհակալ միջոցառումներից մեկն է: «Հայապահպանությունը ՀՀ կառավարության գործողությունների ծրագրում ներառված գերակայություններից է, և այս ուղղությամբ տարվող աշխատանքներն իրենց կարևորությամբ և նպատակահարմարությամբ դժվար է գերագնահատել: Այս ծրագիրը միտված է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, հայկական գաղթօջախներում գործող կրթական հաստատությունների պահպանմանը և զարգացմանը», -ընդգծեց նախարարը: Նա նաև նշեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում շատ դժվար է միջոցներ ավելացնել նման ծրագրերի ուղղությամբ, բայց հավաստիացրեց, որ ՀՀ կառավարությունը պահպանելու է այս միջոցառման համար հատկացվող գումարների տրամադրումը: «Մենք թույլ չենք տա, որ ճգնաժամի պատճառով հարցականի տակ դրվի սփյուռքահայ ուսուցիչների հետ մեր աշխատանքային և մարդկային հարաբերությունները»,-հավաստիացրեց Ա. Աշոտյանը: Նախարարը առաջարկեց հետագայում վերանայել այս միջոցառման անցկացումը` կազմակերպական և բովանդակային առումով: Արդի տեխնոլոգիաների և ուսուցման նոր մեթոդների դարաշրջանում հնարավորություն է ընձեռված ներդրումներն առավել նպատակային օգտագործել: Ծրագրում ընդգրկված ուսուցիչների քանակի և աշխարհագրության ընդլայնման հետ կապված` հաջորդ տարի նախարարությունը նախատեսում է ներկայացնել նոր հայեցակարգ, որի հիմքում պետք է ընկած լինի հեռավար /դիստանցիոն/ կրթական ծրագրերի մատուցումը` կրթական համակարգի էլեկտրոնային ռեսուրսների հաշվին: Հեռավար ուսուցումը թույլ կտա ողջ տարվա ընթացքում տեղերում կազմակերպել համապատասխան ուսուցման մոդուլներ. յուրաքանչյուր սփյուռքահայ ուսուցիչ համակարգչի միջոցով կարող է գրանցվել և ծանոթանալ համապատասխան նյութերին, ապա հանձնել ընթացիկ ատեստավորում: Ամփոփիչ ատեստավորումը կարելի է անցկացնել հայրենիքում` ավելի կարճ` 3-5 օրվա ընթացքում, որը հնարավորություն կտա վերջնական գիտելիքների ստուգման միջոցով ստանալ հավաստագրեր:
Հանդիպման ավարտին նախարարը հույս հայտնեց, որ վերապատրաստման դասընթացները դրական լիցքեր կհաղորդեն ողջ տարվա ընթացքում, իսկ ձեռք բերված գիտելիքները և հմտությունները կծառայեն իրենց նպատակին: