Փորձի փոխանակումը` համագործակցության հիմք

2009-07-17

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Պրունարիուին և դեսպանատան երրորդ քարտուղար Մագդալինա Ֆլորեկուին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խնդիրները, որի  հիմքում ՀՀ և Ռումինիայի կառավարությունների միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին ծրագիրն է /2006-10թթ./:

Ըստ ծրագրի` կողմերն իրականացնում են փորձի փոխանակում` իրենց կրթական համակարգերի կառուցվածքի, ուսումնական պլանների և ծրագրերի, տեխնիկական միջոցների, ուսուցման մեթոդների և այլ ուղղություններով: Նախարար Ա. Աշոտյանը, իր գոհունակությունը հայտնեց երկկրողմ հարաբերությունների ներկա մակարդակով և հավաստիացրեց, որ իրականացվող ծրագրերը կպահպանվեն և հետագայում նաև կընդլայնվեն: «Ռումինիան, հանդիսանալով Եվրամիության անդամ երկիր, ավելի շուտ է ներգրավվել Բոլոնիայի գործընթացի մեջ և, ինտեգրվելով եվրոպական կրթական համակարգ, համոզված եմ, կուտակել է մեծ փորձ, որի հետ ծանոթացումը խիստ կարևոր է մեր կրթական ոլորտի իրավական դաշտի բարելավման համար»,-ընդգծեց նախարարը: Նա նշեց, որ հայկական կողմին առավելապես հետաքրքրում են Ռումինիայում ուսումնական ծրագրերի հավատարմագրման, կրթության որակի բարձրացմանը միտված հարցերը, որոնք ընկած են բարեփոխումների հիմքում:
Տիկին դեսպանը նշեց, որ շատ հուսադրող է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հատկապես արդյունավետ է կրթության ոլորտում: Անդրադառնալով համատեղ ծրագրերին` նա իր գոհունակությունը հայտնեց կրթաթոշակային ծրագրերով ամեն տարի Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններ սովորելու մեկնող ուսանողների ակտիվությունից:
Մասնակիցներն անդրադարձան նաև երկու երկրների մայր բուհերում  ռումիներեն և հայոց լեզուների ամբիոնների աշխատանքին, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում:
Հանդիպման ավարտին քննարկեցին նաև միջբուհական և միջգերատեսչական համագործակցության խնդիրներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։