Սփյուռքահայ աշակերտների հաղթարշավը
2009-07-17
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում հուլիսի 17-ին տեղի ունեցավ Հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադայի և հայագիտական գիտելիքների մրցույթի փակման պաշտոնական արարողությունը: 2009 թվականի օլիմպիադային մասնակցում էր 12 երկրի 133 աշակերտ, ովքեր հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում՝ միօրյա) սաներն են, ինչպես նաև՝ այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիներ:
Համահայկական օլիմպիադայի և հայագիտական գիտելիքների մրցույթի նպատակն է արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունը, օգնել նրանց ճանաչել հայրենիքը: Օլիմպիադաների անցկացումը նպաստում է նաև միասնական կրթական չափորոշիչների ներդրմանը և բարձրացնում Սփյուռքի կրթօջախներին ուսումնական գրականությամբ աջակցելու ՀՀ կառավարության ծրագրի իրականացման արդյունավետությունը:
Շնորհավորելով մասնակիցներին և հաղթողներին` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանը նշեց. «Տպավորություն կա, որ հայագիտությունը պատմական գիտությունների շրջանակում է և ընդգրկում է մեր ժողովրդի անցյալի վերաբերյալ գիտելիքները, սակայն այն նաև ապագայի վերաբերյալ գիտության տիրույթից է: Այն պետք է ներառի ապագայի մասին հայության պատկերացումները. ինչպիսին ենք ուզում, որ լինի հայությունը, և դրանից էլ պետք է ածանցվի ներկայի հայագիտությունը»:
Հայոց լեզվի և գրականության համահայկական IV օլիմպիադայի և հայագիտական գիտելիքների մրցույթի արդյունքներով` հաղթող ճանաչվեցին համապատասխանաբար Սիրիայի, Իրանի, ԼՂՀ-ի և Հայաստանի աշակերտները, ովքեր արժանացան ՀՀ ԿԳ նախարարության դիպլոմների, պատվոգրերի և շնորհակալագրերի:
Օլիմպիադայի ընթացքում մասնակիցների համար կազմակերպվել են նաև նախասիրական` ասմունքի, ճարտասանության, հայրենասիրական երգի և այլ ստեղծագործական մրցույթներ, ուսուցողական միջոցառումներ, ինչպես նաև այցելություններ պատմամշակութային վայրեր: