Լուծումները միասին ենք գտնելու
2009-07-14
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, արձագանքելով «Առավոտ» օրաթերթի 07.07.2009թ համարում տպագրված «Բոլոր մտահոգությունները` մի նամակում» վերնագրով բաց նամակին, հանդիպեց այն ստորագրած շուրջ երեսուն մանկավարժների հետ: Ա. Աշոտյանը նշեց, որ կրթական ոլորտի հիմնախնդիրների շուրջ մամուլում հրապարակված մտահոգությունները նախարարությունը փորձում է անարձագանք չթողնել: Ուսուցիչները նախարարին հայտնեցին իրենց մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերում էին ավագ դպրոցների գործընթացում անցումն առավել սահուն, առանց ցնցումների կազմակերպելու, ավագ դպրոցի ուսուցչական կազմը մրցույթով համալրելու, միջին դպրոցում ուսուցիչների կրճատումները բացառելու կամ նվազեցելու խնդիրներին:
Ուսուցիչներն անդրադարձան նաև սահմանված դրույքաչափի և հայոց լեզվի ու գրականության դասաժամերի կրճատման հարցերին: Դասագրքերի անկատարության և թերության խնդիրները ևս դարձան քննարկման նյութ. ուսուցիչները նշեցին դպրոցական դասագրքերում անհասկանալի տերմինների առկայության մասին: Մանկավարժներն իրենց մտահոգություններն արտահայտեցին նաև վերապատրաստումների ընթացքի, միասնական քննությունների թեստերի բովանդակության, ինչպես նաև ավարտական քննությունների ընթացքում արձանագրված բացասական երևույթների վերաբերյալ:
Լսելով բոլոր ուսուցիչների տեսակետները` նախարարը նախ շնորհակալություն հայտնեց, որ բարձրաձայնում են բոլոր խնդիրները և անտարբեր չեն կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների նկատմամբ: Նա տեղեկացրեց, որ վերջերս ընդունվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, որի առնչությամբ նախարարը նշեց. «Ուզում եմ նշել, որ ընդունված օրենքն առաջադեմ է: Գուցե այն շատ տեսական է, բայց ներառված է այն ամենը, ինչ մենք որպես տեսլական պատկերացրել ենք: Բնականաբար, օրենքի փորձարկումը պետք է կյանքով անցնի»: Օրենքում հստակ ամրագրված են մանկավարժական աշխատողի կարգավիճակի, ուսուցիչների և տնօրենների ատեստավորման հարցերը: Նախարարը տեղեկացրեց, որ աշնանը նախատեսվում են օրենքի հետ կապված որոշակի լուսաբանման աշխատանքներ տնօրենների և մանկավարժների հետ` կլոր սեղանների ձևաչափով: Անդրադառնալով ավագ դպրոցին` նախարարը որպես թիվ մեկ խնդիր նշեց թերտեղեկացվածությունը մանկավարժների և հատկապես ծնողների շրջանում, որն էլ տագնապի պատճառ է դառնում: Նա նշեց նաև ավագ դպրոցների կայացման գործում ճգնաժամի հետևանքների մասին: Անդրադառնալով դասագրքերի խնդրին` նախարարը կոչ արեց մանկավարժներին` ստեղծել հեղինակային խմբեր և մասնակցել անցկացվող մրցույթներին: Նախարարը խոսեց նաև քննությունների ընթացքում արձանագրված խնդիրների մասին` նշելով, որ այս պահին գուցե բոլոր արատավոր երևույթները հնարավոր չլինի արմատախիլ անել, բայց պետք է պայքարել` քննական ավելի կատարյալ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ: Այս համատեքստում նա տեղեկացրեց նաև, որ աշնանը կդիմի դպրոցներին` խնդրելով նրանց տալ թեստային առաջադրանքներիի տարբերակներ: Հանդիպման ավարտին մասնակիցները պայմանավորվեցին հնարավորության դեպքում ավելի հաճախ հանդիպել` քննարկելու կրթական ոլորտի բոլոր հիմնախնդիրները և միասին գտնելու լուծումներ: