Հաղթողը կմեկնի Սերբիա
2009-07-14
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Բրիտանական Խորհրդի հայաստանյան գրասենյակը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը հայտարարել են 2009/2010 «Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք մրցույթի մեկնարկը, որն իրականացվում է «Արմենտել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) բացառիկ հովանավորությամբ: «Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք մրցույթը ազգային և միջազգային մրցույթների շարք է, որոնք անց են կացվում Միացյալ Թագավորության և Հարավարևելյան Եվրոպայի (ներառյալ Հայաստանի) 9 երկրում:
Ծրագիրը նպատակաուղղված է խրախուսելու երիտասարդներին, մղելու նորամուծությունների, զարգացնելու նրանց ձեռնարկատիրական հմտությունները և աշխատունակությունը` գործատուների անմիջական ներգրավման շնորհիվÖ‰
2008/2009 «Հմտություններն աշխատանքում» մրցույթին մասնակցել է ավելի քան 1500 ուսանող: Այս տարի ևս հայ ուսանողներին հնարավորություն է տրվել կիրառել իրենց գիտելիքները և մասնակցել մրցույթի, որի թեման է «Ինչ կձեռնարկեի ես, եթե լինեի ԱրմենՏելի գլխավոր տնօրեն»:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի միջին մասնագիտական հաստատությունների 15-18 տարեկան այն ուսանողները, ովքեր մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը շարադրությունները կներկայացնեն իրենց ուսումնական հաստատությունների տնօրինությանը կամ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության մարզային ներկայացուցիչներին:
Մրցույթին ներկայացրած 50 լավագույն շարադրությունների հեղինակ ուսանողները կհրավիրվեն մասնակցելու ազգային «Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք մրցույթի ազգային ճամբարին, որը տեղի կունենա աշնանը՝ Ծաղկաձորում: Ազգային մրցույթի հաղթող թիմի անդամները կստանան հատուկ մրցանակներ «ԱրմենՏել»-ից, ինչպես նաև կստանան «ԱրմենՏել» ընկերությունում պրակտիկա անցնելու բացառիկ հնարավորություն: Իրեն լավագույնս դրսևորած մասնակիցը 2010թ. գարնանը կմեկնի Սերբիա` ներկայացնելու Հայաստանը միջազգային եզրափակչին: