Գիտելիքն ուժ է և հնարավորությունների լայն դաշտ
2009-07-10
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր մեկնարկեց Հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադան և հայագիտական գիտելիքների մրցույթը, որը կազմակերպել էր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական ու հասարակական այլ գործիչներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ:
Նախարար Ա. Աշոտյանը ներկայացրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձն օլիմպիադայի մասնակիցներին, որում մասնավորապես ասված էր. «Խրախուսելով դպրոցականների իմացությունն այս ոլորտներում` մենք ակնկալում ենք, որ հայ ոգին նոր սերնդին տանելու է ինքնաճանաչման և ինքնակատարելագործման ճանապարհով, տանելու է դեպի ազգային վեհ նպատակներ: Մաղթում եմ հաջողություն, հաղթանակներ այս միջոցառումների ընթացքում և հետագա ողջ կյանքում: Հիշեք, որ գիտելիքը ուժ է և հնարավորությունների նոր, ավելի լայն դաշտ»:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ողջունելով մասնկիցներին, նշեց. «Հայագիտությունն այսօր Կառավարության ծրագրի առաջնահերթություններից մեկն է, և մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք մեր հայկական ինքնության հարցերին: Չափազանց կարևոր է, որ երիտասարդ տարիքից կարողանանք Ձեր մեջ սերմանել հետաքրքրություն այս թեմաների շուրջ, և մենք շահագրգռված ենք, որ այս բնագավառում գործող մասնագետների, գիտնականների քանակը տարեցտարի ավելանա: Այս միջոցառումներում ներգրավված երիտասարդներն այն պոտենցիալն են, որ հետագայում պետք է ապահովեն հայագիտության զարգացումը Հայաստանում և ընդհանրապես հայական աշխարհում»:
Օլիմպիադայի մասնակիցներին իր ողջույնի խոսքն էր հղել Ն.Ս.Օ. Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Ներկաներին շնորհավորեց մրցույթի գլխավոր հովանավորն Վիվա Սել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադայի և հայագիտական գիտելիքների մրցույթի նպատակն է արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունը, օգնել նրանց ճանաչել հայրենիքը: Օլիմպիադաների անցկացումը նպաստում է նաև միասնական կրթական չափորոշիչների ներդրմանը և բարձրացնում Սփյուռքի կրթօջախներին ուսումնական գրականությամբ աջակցելու ՀՀ կառավարության ծրագրի իրականացման արդյունավետությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայոց լեզվի և գրականության համահայկական առաջին օլիմպիադան կազմակերպել է 2003 թվականին, որին մասնակցել է 4 երկրի 29 աշակերտ: 2005 թվականին համահայկական օլիմպիադայի շրջանակում կազմակերպվել է նաև հայագիտական գիտելիքների մրցույթ, որին մասնակցել է ընդհանուր առմամբ 7 երկրի 105 աշակերտ, իսկ 2007-ին` 9 երկրի 106 աշակերտ:
2009թ. հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադային և հայագիտական գիտելիքների մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 12 երկրի 133 աշակերտ: Մասնակիցները հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում՝ միօրյա) սաներն են, ինչպես նաև՝ այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիները (այս տարի մասնակցում է 5 օտարազգի պատանի):
Հայոց լեզվի և հայ գրականության համահայկական օլիմպիադան, որի աշխատանքային լեզուն հայերենն է, կամփոփվի հայոց լեզվի գրավոր և հայ գրականության բանավոր մրցույթների արդյունքներով: Հայագիտական գիտելիքների մրցույթին, որն ընդգրկում է հայոց պատմությանը և մշակույթին վերաբերող հարցեր, կարող են մասնակցել նաև ոչ հայախոս պատանիներն՝ իրենց նախընտրած լեզուներով:
Հայոց լեզվի և գրականության օլիմպիադայի և հայագիտական գիտելիքների մրցույթի հաղթողների համար սահմանվում են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի 3-ական մրցանակներ: Մրցությունն ու մրցանակաբաշխությունը կազմակերպվում են` ըստ տարիքային խմբերի:
Մասնակիցների համար նախատեսվում է կազմակերպել նախասիրական` ասմունքի, ճարտասանության, հայրենասիրական երգի և այլ ստեղծագործական մրցույթներ, ինչպես նաև մշակութային, ուսուցողական միջոցառումներ: