Չինացի գործընկերները Հայաստանում
2009-07-10
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն հունիսի 10-ին ընդունեց Պեկինի շինարարության և ճարտարապետության համալսարանի նախագահ Ժենգ Վենթանգի գլխավորած պատվիրակությանը: Չինացի գործընկերները Հայաստանում են գտնվում Պեկինի շինարարության և ճարտարապետության համալսարանի և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի միջև կրթության և գիտության ոլորտում կնքված համաձայնագրի շրջանակում:
Ընդունելով հյուրերին` նախարարը նշեց. «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը միջազգային և տնտեսական ոլորտներում մեր երկրի կարևոր գործընկերներից է, և մենք` որպես կրթության և գիտության բնագավառի ներկայացուցիչներ, պետք է ամեն ինչ անեք այդ համագործակցության ընդլայնման համար: Երկու բուհերի արձանագրած նվաճումները նոր խթան կհանդիսանան ոչ միայն մեր ոլորտի, այլև երկու երկրների միջև նոր հարաբերությունների ձևավորման համար»: Նախարարն ընդգծեց, որ ԵՊՃՀ-ը մեր երկրի լավագույն բուհերից մեկն է. այն միշտ ապահովել է կրթության բարձր որակ և ոլորտում իրականացվող բարեփոխումների առաջամարտիկներից է: Նա հույս հայտնեց, որ կնքված համաձայնագիրը նոր հորիզոններ կբացի երկու երկրների ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար: Նախարարը նշեց, որ երկու երկրների միջև գիտության և կրթության ոլորտում համագործակցությունը և հետաքրքրությունը երկուստեք է` նկատի ունենալով ՉԺՀ գիտական մեծ ներուժը և հայ գիտնականների մեծ փորձը: «Ես համոզված եմ, որ մեր լավագույն ճարտարապետներն իրենց ավանդը կունենան Ձեր երկրի հիասքանչ ճարտարապետական կոթողների և շինությունների նախագծման գործում»,-հավելեց նախարարը:
Ժենգ Վենթանգն իր գոհունակությունը հայտնեց համաձայնագրի շրջանակում իրականացվող գործընթացների կապակցությամբ` հույս հայտնելով, որ հայ երիտասարդների թիվը Չինաստանի բուհերում կավելանա: Նա կարևորեց նաև երկու բուհերի դասախոսների փոխադարձ այցելությունների խնդիրը` նշելով, որ մասնագիտական շփումները և կրթական փորձի փոխանակումը նոր հեռանկարներ կբացեն: «Չինաստանը զարգացող երկիր է. մեզ միշտ հարկավոր են նոր մտքեր և նոր մասնագետներ»,-նշեց հյուրը:
Հանդիպման ավարտին Ժենգ Վենթանգը նախարար Աշոտյանին հրավիրեց ՉԺՀ` տեղում կրթական համակարգին ծանոթանալու և միջպետական համագործակցության եզրերն ընդլայնելու նպատակով: