Բարեփոխումների առանցքը` կրթության որակ և մատչելիություն
2009-07-07
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյաննն այսօր ընդունեց Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Սթիվեն Էլենին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի` կրթության ոլորտում իրականացրած աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ եղավ նախատեսվող ծրագրերին: Նախարարը, շնորհավորելով Ս. Էլենին` տարածաշրջանային կենտրոնի տնօրենի` պատասխանատու և կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի կրթական ոլորտին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցության կապակցությամբ:
Նախարարն անդրադարձավ համաշխարհային ճգնաժամի հետևանքով սուղ միջոցների վերաբաշխման խնդրին` նշելով, որ ոչ մի սկսված բարեփոխում պետք է չտուժի. գուցե կրճատվեն հատկացումների ծավալները: Ա. Աշոտյանը տեղեկացրեց, որ հավանաբար այս շաբաթ Ազգային Ժողովը կընդունի «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, որի հիմնաքարը երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրն է: Անդրադառնալով նախադպրոցական կրթության հիմնախնդիրներին` նախարարն ընդգծեց, որ տարիներ շարունակ հիշյալ ոլորտը պետության ուշադրության կենտրոնում չի եղել: 2012 թվականին առաջին անգամ նախատեսվում են որոշակի հատկացումներ պետական բյուջեից նաև այս ոլորտին: «Գուցե ներդրումների ծավալները դեռ շատ փոքր են, բայց ողջունելի է, որ կատարվել է առաջին քայլը, որն ավելի շուտ հայեցակարգային մոտեցումների վերանայման մեջ է», -նշեց նախարարը:
Սթիվեն Էլենը, ներկայացնելով հիմնադրամի իրականացրած հիմնական ծրագրերը, նշեց, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համար կրթությունն առաջնահերթություններից մեկն է. այդ են վկայում 2005-09թթ. համագործակցության ծրագրի շրջանակում գրասենյակի կողմից իրականացված աշխատանքները, որոնք հիմնականում ուղղված են եղել նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև մշակվել է օրինակելի դպրոցի /երեխայակենտրոն դպրոցի/ հայեցակարգը, որը ոլորտում իրականացվող կրթական բարեփոխումների միջև սերտ կապի ապահովման առանցքն է հանդիսացել: Հյուրը տեղեկացրեց նաև, որ սեպտեմբեր ամսին նախատեսվում է հաստատել 2010-15թթ. գործողությունների նոր ծրագիրը: Նա հույս հայտնեց, որ ապագայում ևս նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի առաջնահերթությունները կլինեն համահունչ` փոխադարձ օգնության և լրացուցիչ ռեսուրսների ներգրավման տեսանկյունից: Խոսելով համաշխարհային ճգնաժամի հետևանքների մասին` հյուրն իր գոհունակությունը հայտնեց ՀՀ կառավարության որոշման կապակցությամբ, ըստ որի` ոչ մի կրթական բարեփոխում ճգնաժամի հետևանքով չի տուժի: «Ողջունելի է, որ ՀՀ կառավարությունն այդչափ կարևորում է կրթության ոլորտը` քաջ գիտակցելով, որ այս ոլորտում իրականացված ներդրումներն արդյունավետ են և տարիներ անց կվերադարձվեն պետությանը` մարդկային ռեսուրսի տեսքով»,-նշեց Ս. Էլենը:
Նախարարը ևս հույս հայտնեց, որ նոր պայմանագիրը խթան կհանդիսանա համագործակցության շրջանակների ընդլայնման և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար:
Մասնակիցներն անդրադարձան նաև երեխաների սոցիալական պաշտպանվածության խնդիրներին` առանձնացնելով կրթությունից դուրս մնացած երեխաների իրավունքների ապահովումը: Այս համատեքստում նրանք կարևորեցին խնդրի վերաբերյալ համատեղ ուսումնասիրությունների անհրաժեշտությունը, որը հիմք կհանդիսանա ներդրվող միջոցների` առավել արդյունավետ օգտագործման համար: