«Ոսկե հուշամեդալ» դոկտոր Վիրաչայ Տեչավիչիտիին
2009-07-03
Արտասահմանում սովորող հայազգի երեխաներին հովանավորելու համար Ռեջենտների դպրոցի հիմնադիր նախագահ, դոկտոր Վիրաչայ Տեչավիչիտին այսօր արժանացավ ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևի` «Ոսկե հուշամեդալի»: Հանձնելով պարգևը` նախարար Ա. Աշոտյանը նշեց, որ կրթության ոլորտի բարեփոխումներն ունեն մեկ նպատակ, այն է` միջազգային որակի կրթության ապահովում, այդ թվում նաև` հանրակրթության բնագավառում: «Այդ նպատակին հասնելու միջոցներից է միջազգային փորձին հաղորդակից լինելը, որի լավագույն օրինակներից մեկն էլ Ռեջենտների դպրոցն է», -ընդգծեց նախարարը:
Ա. Աշոտյանը տեղեկացրեց, որ երեկ ՀՀ նախագահի` մեդալակիրների հետ ունեցած հանդիպման ընթացքում աշակերտներից մեկի հարցին` արտասահմանում կրթություն ստանալու հետ կապված, նախագահը նշել էր, որ, իհարկե, պետք է օգտվել արտերկրի կրթական հնարավորություններից, սակայն դրան զուգահեռ պետք է զարգացնել նաև Հայաստանի կրթական համակարգը, որպեսզի կարողանանք ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն: Նախարարը նշեց, որ այս համատեքստում ցանկալի է Հայաստանում ունենալ Ռեջենտների դպրոցի մասնաճյուղ, որը կարող է դառնալ նաև տարածաշրջանային կրթական կենտրոն: Դոկտոր Վիրաչայը, շնորհակալություն հայտնելով պարգևի համար, նշեց, որ որակյալ կրթություն ապահովելու համար պետք է սկսել հանրակրթական դպրոցից: Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստանը ևս կունենա միջազգայնորեն ճանաչելի բարձրորակ կրթություն ապահովող ուսումնական հաստատություններ, որտեղ սովորելու ցանկություն կհայտնեն աշխարհի տարբեր երկրների աշակերտներ:
Դոկտոր Վիրաչայն այսօր հանդիպեց նաև լրագրողներին: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ռեջենտների դպրոցի միջև կնքված համագործակցության ծրագրի` ամեն տարի Ռեջենտների դպրոցի ընդունելության նպատակով իրականացվում է աշակերտների մրցութային ընտրություն: Վերջին երեք տարիների ընթացքում Ռեջենտների դպրոց է ընդունվել 62 հայ դպրոցական: Այս ուսումնական տարին ևս բացառություն չէ. Թաիլանդ կմեկնի 28 աշակերտ, որոնց դպրոցի հիմնադիրը մինչև 20-85 տոկոս զեղչով կրթաթոշակ է տրամադրում: Պարոն Վիրաչայը նշեց, որ Ռեջենտների դպրոցի առաքելությունը ոչ միայն բարձրորակ կրթության ապահովումն է, այլև լուրջ, նպատակասլաց առաջնորդների դաստիարակումը, ովքեր, վերադառնալով հայրենիք, լավագույն օրինակ կհանդիսանան իրենց հասակակիցների և շրջապատի համար: Նա նաև նշեց, որ երեկ հանդիպում է ունեցել մայրաքաղաքի շուրջ 50 դպրոցի տնօրենների հետ: Քննարկվել են կրթական հիմնախնդիրները ինչպես առարկայական դասավանդման, այնպես էլ աշակերտների անհատական հմտությունների և մարդկային որակների ձևավորման ուղղությամբ: