Համահայկական չորրորդ օլիմպիադա
2009-07-02
Հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադան և հայագիտական գիտելիքների մրցույթը, որը կազմակերպում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երկամյա պարբերականությամբ, այս տարի կմեկնարկի հուլիսի 10-ին և կանցկացվի Ծաղկաձորում:
Հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադայի և հայագիտական գիտելիքների մրցույթի նպատակն է արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունը, օգնել նրանց ճանաչել հայրենիքը:
Օլիմպիադաների անցկացումը նպաստում է նաև միասնական կրթական չափորոշիչների ներդրմանը և բարձրացնում Սփյուռքի կրթօջախներին ուսումնական գրականությամբ աջակցելու ՀՀ կառավարության ծրագրի իրականացման արդյունավետությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայոց լեզվի և գրականության համահայկական առաջին օլիմպիադան կազմակերպել է 2003 թվականին, որին մասնակցել է 4 երկրի 29 աշակերտ: 2005 թվականին համահայկական օլիմպիադայի շրջանակում կազմակերպվել է նաև հայագիտական գիտելիքների մրցույթ, որին մասնակցել է ընդհանուր առմամբ 7 երկրի 105 աշակերտ, իսկ 2007-ին` 9 երկրի 106 աշակերտ:
2009թ. հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադային և հայագիտական գիտելիքների մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 12 երկրի 133 աշակերտ: Մասնակիցները հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում՝ միօրյա) սաներն են, ինչպես նաև՝ այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիները (այս տարի մասնակցում է 5 օտարազգի պատանի):
Հայոց լեզվի և հայ գրականության համահայկական օլիմպիադան, որի աշխատանքային լեզուն հայերենն է, կամփոփվի հայոց լեզվի գրավոր և հայ գրականության բանավոր մրցույթների արդյունքներով: Հայագիտական գիտելիքների մրցույթին, որն ընդգրկում է հայոց պատմությանը և մշակույթին վերաբերող հարցեր, կարող են մասնակցել նաև ոչ հայախոս պատանիներն՝ իրենց նախընտրած լեզուներով:
Հայոց լեզվի և գրականության օլիմպիադայի և հայագիտական գիտելիքների մրցույթի հաղթողների համար սահմանվում են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի 3-ական մրցանակներ: Մրցությունն ու մրցանակաբաշխությունը կազմակերպվում են ըստ տարիքային խմբերի:
Մասնակիցների համար նախատեսվում է կազմակերպել նախասիրական` ասմունքի, ճարտասանության, հայրենասիրական երգի և այլ ստեղծագործական մրցույթներ, ինչպես նաև մշակութային, ուսուցողական միջոցառումներ:
2009 թվականի հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադայի և հայագիտական գիտելիքների մրցույթի գլխավոր հովանավորն է VivaCell MTS-ը: