Ամփոփվեցին միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
2009-07-02
Միասնական քննությունների առաջին փուլի արդյունքներն այսօր ամփոփեց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը Գնահատման և թեստավորման կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում: Քննությունների առաջին փուլը նախարարի տեղակալը գնահատեց արդյունավետ ու հաջողված: Անդրադառնալով բողոքարկման հետ կապված հարցերին` նա նշեց, որ բողոքները հիմնականում եղել են մասնագետների կողմից` «Հայոց լեզու և գրականություն» առարկայի թեստի հետ կապված:
Մնացած դեպքերում դա կարելի է դիտարկել որպես ծնողների վրդովմունք` կապված թեստերի բարդության հետ: Ծածկագրերի պատճառով «Անգլերեն լեզու» առարկայի միասնական քննությունից հեռացված չորս դիմորդներին այս տարի որոշում է կայացվել թույլատրել մասնակցելու լրացուցիչ քննությանը: Նախարարի տեղակալը նշեց, որ հաջորդ տարի նման մոտեցումը կբացառվի: Անդրադառնալով միասնական քննությունների միջին միավորներին և համեմատելով այն այս տարի դպրոցներում անցկացված ընթացիկ գնահատման արդյունքների հետ` Մ. Մկրտչյանը համարում է, որ հանրակրթական դպրոցներում վիճակը այնքան էլ վատ չէ, ինչպես փորձում են ներկայացնել:
Նախարարի տեղակալը, անդրադառնալով մարզերից մեկում միասնական քննությունների ընթացքում արձանագրված կազմակերպչական խնդիրներին, նշեց, որ Գնահատման և թեստավորման կենտրոնն ամեն տարի իրականացնում է կազմակերպիչների վերապատրաստում, և «մեկ-երկու տարի անց արդեն կունենանք վերապատրաստված մասնագետներ, որոնք տեղերում անթերի կիրականացնեն գործընթացը»:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ հունիսի 2-ին ավարտվում է միասնական քննությունների լրացուցիչ փուլին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը, իսկ հուլիսի 4-ից կմեկնարկի լրացուցիչ փուլը, որը կանցկացվի Երևանի թիվ 20 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում: