Ապավինելու ենք հասարակության աջակցությանը
2009-07-01
Հատուկ կրթության հիմնախնդիրների շուրջ այսօր «Կոնգրես» հյուրանոցում բացվեց «Հատուկ կրթության բարեփոխումների հեռահար նպատակները. նոր հայացք, նոր մոտեցումներ» խորագրով միջազգային խորհրդաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը` Բաց հասարակության ինստիտուտի հիմնադրամի հայկական մասնաճյուղի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ: Խորհրդաժողովին մասնակցում էր Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների` Հունգարիայի, Չեխիայի, Սերբիայի, Լատվիայի, Լիտվայի, ինչպես նաև ՀՀ ավելի քան 120 մասնագետ:
Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը նշեց, որ նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հատուկ և ներառական կրթության բարեփոխումների գործընթացին. այս համատեքստում կատարվել են օրենսդրական փոփոխություններ, և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի մշակվող նախագծում ևս հատուկ և ներառական կրթության հատվածով նոր երաշխիքներ կան: Նախարարն ընդգծեց, որ հատուկ կրթության ոլորտում իրականացված «հեղափոխական բարեփոխումները» հնարավոր են դարձել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ակտիվ համագործակցության արդյունքում: Նա նշեց, որ նախարարությունը հետևողական է լինելու պետության կողմից բյուջետային ներդրումներն այսուհետ ավելի նպատակային օգտագործելու հարցում: «Հատկանշական է, որ հատուկ կրթության ոլորտում են արձանագրվել իրականացվող բարեփոխումների ամենամեծ հաջողությունները, որոնք պայմանավորված են հասարակական ձևավորված կարծիքի և վստահության գործոնով: Մյուս ոլորտներում իրականացվող բարեփոխումներում ևս մենք ապավինելու ենք հասարակության աջակցությանը և կոչ ենք անում դառնալ մեր գործընկերը` բոլոր նախաձեռնություններում»,-նշեց նախարարը: Հատուկ կրթության ոլորտում նախարարն առանձնացրեց նաև միջազգային դոնոր կազմակերպությունների և տեղական հասարակական կազմակերպությունների աշխատանքը, որոնք մեծապես նպաստել են՝ բարեփոխումները վերջնական եզրագծին հասցնելուն:
ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի հանձնաժողովի անդամ Ա. Բախշյանն ընդգծեց քացաքացիական հասարակության դերը հատուկ և ներառական կրթության գործում` հասարակության մեջ հանդուրժողականության ապահովման, սոցիալական արդարության և այլ «երազած չափորոշիների» կայացման գործում: «Երբ յուրաքանչյուր երեխայի կարիքի գնահատման և բավարարման խնդիրը դառնա մեր գործունեության առաջնային վեկտորը, այնժամ մենք կունենանք ավելի լավ և որակյալ կրթություն»,-հավաստիացրեց պատգամավորը:
Գիտաժողովի մասնակիցները շեշտեցին, որ նման միջոցառումները նպաստում են հանրային ուշադրության սևեռմանը հասարակության ավելի խոցելի խավերի խնդիրներին, ինչպես նաև հնարավորություն են տալիս հատուկ կրթության ոլորտում տարբեր երկրների փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման համար: