Գիտելիքը` երազանքների իրականացման միջոց
2009-06-30
Վ.Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում այսօր ամփոփվեցին դպրոցականների շրջանում կազմակերպվող «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության հանրապետական մրցումների եզրափակիչ փուլի արդյունքները: Մրցումները կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի հանձնաժողովը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի օլիմպիական կոմիտեն, «Սպորտը բոլորի համար» և «Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպությունները:
Շնորհավորելով եզրափակչի հաղթողներին` ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ս. Նիկոյանը նշեց, որ այս մրցումներում հաղթել են բոլորը` անկախ գրաված տեղից, որովհետև դպրոցականները հնարավորություն ստացան մասնակցել նման հրաշալի միջոցառմանը և ձեռք բերել նոր ընկերներ: ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, շնորհավորելով բոլոր մասնակիցներին, ընդգծեց, որ նմանատիպ միջոցառումները նպաստում են առողջ ապրելակերպի արմատավորմանը մեր դպրոցականների շրջանում: «Հուսով եմ, որ դուք նույն ջանասիրությամբ կպատրաստվեք նաև ուսումնական տարվա սկզբին, որովհետև այն երազանքները, որոնց մասին հայտնեցիք ինձ զրույցների ընթացքում, կարող են իրականություն դառնալ միայն կրթության և գիտելիքների ձեռքբերման արդյունքում»,- նշեց նախարարը:
2008-2009 ուսումնական տարվա «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության հանրապետական մրցումների եզրափակիչ փուլում առաջին տեղը գրավեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թիմը, որը պարգևատրվեց ԱԺ գավաթով, վկայագրերով, մարզահագուստներով ու մարզագույքով: Երկրորդ տեղը գրավեց Գեղարքունիքի թիմը, որն արժանացավ ՀՀ կրթության և գիտության նախարարության հավաստագրերին և մրցանակներին: Երրորդ տեղը գրավեց Կոտայքի թիմը` արժանանալով ՀՀ սպորտի և երտասարդության հարցերի նախարարության հավաստագրերին ու մրցանակներին:
Մրցումների եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցներին ևս հանձնվեցին հավաստագրեր ու նվերներ: