Համագործակցության նախադրյալներն առկա են
2009-06-29
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ժոզեֆ Փենինգտոնին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության խնդիրները: Նախարար Ա. Աշոտյանը նշեց, որ կրթության ոլորտում երկու երկրների միջև կնքված միջպետական համաձայնագրերի և կրթական փոխանակման ծրագրերի շրջանակում իրականացված գործընթացներն արդյունավետ են ընթանում, և առկա են կրթական նոր ծրագրեր իրականացնելու բոլոր նախադրյալները:
«Ամերիկյան բարձրագույն կրթությունը լավագույններից մեկն է աշխարհում, և որակյալ կրթության ապահովման տեսանկյունից մենք շահագրգիռ ենք եվրոպական և ամերիկյան լավագույն փորձի վրա հիմնված համագործակցության նոր հարթակների ձևավորման գործում»,-ընդգծեց նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց կրթաթոշակային ծրագրերով ԱՄՆ-ում կրթություն ստացող երիտասարդների` պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքի հետ կապված հարցը, որը որոշակի սահմանափակումներ է մտցնում դիմորդների համար: Նախարարը նշեց, որ մինչ այժմ գործող միջպետական համաձայնագրերը վերաբերում են հիմնականում գիտության բնագավառում համագործակցությանը, և բաց են մնացել կրթական որոշ խնդիրներին լուծումներ տալու համար անհրաժեշտ իրավական հիմքերը: Այս համատեքստում քննարկվեցին նոր միջպետական համաձայնագրի և միջպետական հարաբերությունների բարելավմանն ուղղված նորմատիվ իրավական դաշտի հստակեցման հետ կապված հարցերը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Երևանում գործող Որակի միջազգային դպրոցի խնդիրներին, մասնավորապես, հայերեն լեզվի պարտադիր ուսուցմանը:
Հյուրը նշեց, որ դեսպանատունը պատրաստակամ է բոլոր բարձրացված խնդիրները նախարարության հետ ուսումնասիրելու և հնարավորինս կարճ ժամանակահատվածում դրանց լուծում տալու հարցում:
Հանդիպման ավարտին նախարարը տեղեկացրեց, որ աշնանը նախատեսվում է համաժողով անցկացնել ՀՀ կրթական ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների և այլ գործընկերների մասնակցությամբ` ծրագերի արդյունավետության գնահատման և հետագա համագործակցության ընդլայնման վերաբերյալ: