Մեկնում` վերադարձի ակնկալիքով
2009-06-26
Աթենքի Հայ կապույտ խաչի Ջենեզյան վարժարանի սաները, ովքեր մասնավոր այցով գտնվում էին Հայաստանում, այսօր հյուրընկալվել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, ուր նրանց ընդունեց նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանը: Վերջինս, ողջունելով սփյուռքահայ աշակերտներին հայրենիքում, նշեց. «Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները հաճախակի պետք է լինեն հայրենիքում, որովհետև դա հնարավորություն է տալիս վերականգնել կապն արմատների հետ: Վստահ եմ, որ այս այցը ևս նոր ազդակ կլինի ինչպես հայրենիքի հետ կապի ամրապնդման, այնպես էլ մեր ժողովրդի մշակույթի ու պատմության ճանաչման և վերագնահատման համար»:
Աշակերտները, որոնց հիմնական մասն առաջին անգամ էր Հայաստանում, նախարարի տեղակալի հետ կիսեցին մայր հայրենիքից ստացած իրենց տպավորությունները: Աթենքի Հայ կապույտ խաչի Ջենեզյան վարժարանի տնօրեն, հայոց լեզվի և հայոց պատմության ուսուցիչ Սիմոն Տեր-Սահակյանը նշեց, որ մագիստրոսական կրթությունը ստացել է Հայաստանում և վերադառնալով Հունաստան` որոշել է կազմակերպել հայ երիտասարդների հաճախակի այցելություններ Հայաստան, որն էլ կարելի է դիտարկել որպես հայոց լեզվի և պատմության յուրօրինակ ուսուցում:
Հանդիպման ավարտին վարժարանի սաները նշեցին, որ խիստ տպավորված են Հայաստան կատարած այցելությունից և մեկնում են` կրիկին վերադառնալու ակնկալիքով: