Ստորագրվեց համագործակցության եռակողմ հուշագիր

2009-06-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը և «Ապագան քոնն է» բարեգործական, սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Ն. Սարգսյանն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր` «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի իրականացման նպատակով: Ծրագիրը կիրականացվի ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի» աջակցությամբ և ուղղված է հանրակրթական դպրոցների աշակերտների հակակոռուպցիոն կրթությանը և դաստիարակությանը:

Ծրագիրն իրականացվելու է երեք փուլով: Առաջին փուլում նախատեսվում է ստեղծել և տպագրել համապատասխան մեթոդներ և նյութեր պարունակող` հակակոռուպցիոն կրթությանն ուղղված մեթոդական ուղեցույց-ձեռնարկ ուսուցչի համար, որը հետագայում կօգտագործվի հանրապետության հանրակրթական դպրոցներում:
Երկրորդ փուլը նախատեսում է ուսուցիչների մեթոդական ուղեցույց-ձեռնարկի փորձնական կիրառմամբ պիլոտային ծրագրի իրականացում Երևանի և ՀՀ մարզերի ութ դպրոցում, որի ընթացքում կկազմակերպվեն հինգօրյա դասընթացներ` ուղղված աշակերտների հակակոռուպցիոն դաստիարակությանը: Դասընթացներին կհրավիրվեն ուսուցիչներ և կրթության ոլորտի մասնագետներ, որոնք իրենց եզրակացություններն ու կարծիքները կարտահայտեն` անցկացված դասընթացներում օգտագործված նյութերի և մեթոդների օգտակարության և կիրառելիության մասին:
Ծրագրի երրորդ փուլում ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների ուսուցիչների համար կանցկացվեն վերապատրաստման եռօրյա դասընթացներ, որի արդյունքում ուսուցիչները կստանան համապատասխան հավաստագրեր, նրանց կտրամադրվեն մեթոդական ուղեցույց-ձեռնարկներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։