Ներդրումներն առավել նպատակային կօգտագործվեն

2009-06-24

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքը Հայաստանի կրթական ոլորտում, ինչպես նաև քննարկվեցին համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները կրթական ծրագրերի իրականացման գործում: Նախարար Ա. Աշոտյանը նշեց, որ նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա, որը հետագա գործունեության շարունակականության ապահման համար լավագույն պայման է հանդիսանում:

 Նախարարը նշեց, որ  ճգնաժամի հետևանքով խիստ խոցելի են դարձել ներդրումները մարդկային ռեսուրսի զարգացման տեսանկյունից: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը որդեգրել է ճգնաժամին դիմակայելու հստակ քաղաքականություն, որի շրջանակում ամեն ինչ արվում է` չեզոքացնելու կրթության ոլորտում ճգնաժամի բացասական հետևանքները: «Այս պահին դժվար է խոսել իրականացվող կրթական ծրագրերի զարգացման մասին. առավել առաջնահերթ է համապատասխան ենթակառուցվածքների և ծրագրերի պահմանման խնդիրը: Հավաստիացնում եմ, որ կրթական ոչ մի բարեփոխում չի դադարեցվել. կրճատվել են միայն պետական հատկացումների ծավալները, և որ ամենակարևորն է` պահպանվել են բոլոր աշխատատեղերը»,-նշեց նախարարը: Նա հայտնեց, որ շարունակվում է ավագ դպրոցների բարեփոխումների ծրագիրը. ծրագրում ներառված դպրոցների քանակը պահպանվել է, պակասել են միայն ներդրումների չափերը: «Ճգնաժամը հնարավորություն է տալիս վերագնահատել կրթական քաղաքականությունը և դրա արդյունավետության աստիճանը: Այդ նպատակով մենք նախատեսում ենք հետազոտություն անցկացնել` պետական ծախսերի արդյունավետության գնահատման և ներդրումների առավել նպատակային օգտագործման ուղղությամբ: Եվ այդ հարցում ակնկալում ենք նաև ՄԱԿ-ի և այլ կազմակերպությունների օգնությունը»,-նշեց Ա. Աշոտյանը: Նախարարը հյուրին տեղեկացրեց նաև, որ Համաշխարհային բանկի «Որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրով այս անգամ ներդրումներն ուղղվելու են նախադպրոցական և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտներին: Նախարարը նշեց, որ կրթության մատչելիության տեսակետից խիստ կարևորված են նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը: Նա, անդրադառնալով ՄԱԿ-ի գրասենյակի և Եվրամիության կողմից միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացված աշխատանքներին, նշեց որ սա այն ոլորտն է, որը տարիներ շարունակ դուրս է մնացել պետական ուշադրությունից և ողջունելի է, որ վերջին տարիներին ներդրումներն այս բնագավառում պատշաճ մակարդակի վրա են` հատկապես գործընկեր կազմակերպությունների աջակցության շնորհիվ:
Կոնսուելա Վիդալը նշեց, որ շատ խոսուն է այն հանգամանքը, որ ճգնաժամի պայմաններում պետությունը մեծ ուշադրություն է դարձնում հատկապես կրթության ոլորտին: Նա համաձայնեց, որ ֆինանսական ռեսուրսների սղության պայմաններում առավել կարևորված են նպատակային հատկացումները: Նա հույս հայտնեց, որ մասնավոր սեկտորի ներգրավվածությունը ևս կլուծի մի շարք խնդիրներ: Տիկին Վիդալը տեղեկացրեց, որ ուսումնասիրություն է կատարվում ճգնաժամի հետևանքով կրթությունից դուրս մնացած երեխաների թվի ճշգրտման ուղղությամբ և կարծում է, որ ուսումնասիրության արդյունքները ևս կնպաստեն նպատակային ներդրումների հստակեցմանը:
Մասնակիցները քննարկեցին նաև դպրոցների` համակարգչային տեխնիկայով և ինտերնետ կապով ապահովման խնդիրը: Նրանք հույս հայտնեցին, որ հեռու չեն այն ժամանակները, երբ կգործի» մեկ համակարգիչ` մեկ երեխային» սկզբունքը, որը նաև կբերի ապագա սերնդի մտածողության փոփոխության:
Հանդիպման վերջում նախարար Ա. Աշոտյանը տեղեկացրեց նաև, որ աշնանը նախատեսվում է անցկացնել համաժողով` կրթական ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների և այլ գործընկերների մասնակցությամբ` ծրագրերի արդյունավետության գնահատման և ապագա համագործակցության ընդլայնման խնդիրներով: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։