Տրվեց մարզային այցելությունների մեկնարկը

2010-01-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով մեկնել էր Տավուշի մարզ` ծանոթանալու տեղի կրթական հիմնախնդիրներին: Այցելությունը Տավուշ մարզ առաջինն է նախարարի այս տարվա մարզային այցելությունների շարքում. նախատեսվում են աշխատանքային այցելություններ ՀՀ բոլոր մարզեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Համաձայն օրակարգի` նախարարի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Տավուշի մարզպետարանում. խորհրդակցությանը մասնակցում էին մարզի ղեկավարությունը, ինչպես նաև հանրակրթական ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ:

Բացելով խորհրդակցությունը` նախարարը նշեց, որ, համաձայն կրթական վիճակագրության,  Տավուշի մարզի հիմնական ցուցանիշները միջին հանրապետական ցուցանիշից բարձր են, իսկ մարզային ցուցանիշներից` առավել ևս: Նախարարն անդրադարձավ նախադպրոցական կրթության, դպրոցաշինության, մանկավարժական կադրերի ապահովման, սահմանամերձ դպրոցների խնդիրներին: Նախարարը ներկաներին տեղեկացրեց նաև, որ այս տարի կգործի տնօրենների հավաստագրման կարգը. «Մեր կրթական համակարգի թիվ մեկ խնդիրներից մեկը կառավարման որակն է, և տնօրենների հավաստագրման կարգն այն գործիքն է, որը թույլ կտա նախարարությանը հսկողության տակ պահել հանրակրթական համակարգի կառավարման գործընթացը` ապահովելով հավակնորդների համար նվազագույն չափորոշիչների համապատասխանություն»,-նշեց նախարարը և հավելեց, որ վերապատրաստման կարգը ներառելու է համապատասխան մոդուլային ծրագիր, որի հիմնական ուղղություններն են` տնտեսաիրավական գիտելիքներ, կառավարչական հմտություններ և մանավարժահոգեբանական պատրաստավածություն: Նախարարը ներկաներին տեղեկացրեց, որ տարվա ընթացքում ընդլայնվելու է նաև դպրոցների` համակարգիչներով ապահովման ծրագիրը. այս տարի ԿՏԱԿ-ր նախատեսում է ևս 300 դպրոց միացնել համակարգչային ընդհանուր ցանցին` դրանց թիվը հասցնելով 900-ի: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև մարզի նախնական և միջին, ինչպես նաև բարձրագույն մասնագիտական կրթության, մասնավորապես, մասնավոր բուհերի լիցենզիաների տրամադրման պայմանների խստացման և կրթության որակի ապահովման խնդիրներին:
Նախարարի հաջորդ հանդիպումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների, ծնողների և  դասախոսների հետ էր: Նախարարը ներկայացրեց բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը և պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին շրջանավարտների ապագա աշխատատեղերին, մագիստրոսական կրթությանը, ուսխորհուրդների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Հանդիպման ավարտին նախարարը ՀՀ Նախագահի կողմից սահմանված Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Մոնթե Մելքոնյանի անվանական կրթաթոշակներ հանձնեց բուհի լավագույն ուսանողներին:
Այցի շրջանակում նախարարը հանդիպումներ ունեցավ Իջևանի պետական քոլեջի և թիվ 1 միջնակարգ դպրոցի, ինչպես նաև Դիլիջանի ավագ և ներառական կրթություն իրականացնող թիվ 2 դպրոցների մանկավարժական կոլեկտիվների հետ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։