Ի գիտություն լրացուցիչ քննություններ հանձնող դիմորդների
2009-06-23
Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 24-ից սկսում է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) 2008-2009 ուստարվա և նախորդ տարիների շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն», «Ռուսաց լեզու», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների պետական ավարտական և միասնական (պետական ավարտական և բուհերի ընդունելության) լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը:
Պետական ավարտական լրացուցիչ քննություններին կարող են մասնակցել`
•հիմնական փուլում անցկացված քննություններին չմասնակցած շրջանավարտները,
•միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները,
•պետական ավարտական քննություններից (2 առարկայից ոչ ավելի) անբավարար ստացած շրջանավարտները:
Այն շրջանավարտները, ովքեր չեն հայտագրվել պետական ավարտական քննություններին, իրենց դպրոցներում պետք է ներկայացնեն դիմում` տնօրենի անունով:
Պետական ավարտական քննություններից անբավարար ստացած կամ միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները պետական ավարտական քննություններին (վերաքննություններին) մասնակցելու համար նոր դիմում չեն լրացնում:
Վերաքննություն հանձնողների տվյալները ներկայացնում են կրթության վարչությունները:
Միասնական լրացուցիչ քննությանը (2009թ. բուհերի ընդունելության) կարող են մասնակցել`
•պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2009թ. զորացրվածները,
•սփյուռքի շրջանավարտները,
•այն շրջանավարտները, ովքեր միասնական քննությանը հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցելու,
•այն շրջանավարտները, ովքեր առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել,
•բողոքարկման հանրապետական հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները:
Միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է`
•լրացնել դիմում-հայտ,
•ներկայացնել «ՎՏԲ-Հայաստան բանկ» 160481037341 հաշվեհամարին փոխանցված, 1500(հազար հինգ հարյուր) դրամի անդորրագիր` յուրաքանչյուր քննության համար,
•անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
•3X4 չափի լուսանկար:
Միասնական քննությունների վճարից (1500 դրամ) ազատվում են`
•պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածները,
•առաջին ու երկրորդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
•ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
•առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության գրքույկի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունների կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Դիմում-հայտերը լրացվում և ընդունվում են Գնահատման և թեստավորման կենտրոնում հունիսի 24-ից` ամեն օր` ժամը 10:00- 17:30: Հասցեն` Երևան, Այգեստան 9/4:
Ընդունման ժամկետն ավարտվում է հուլիսի 2-ին, ժամը 18:00-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 57 54 60 հեռախոսահամարով:
Գնահատման և թեստավորման կենտրոն