Երեխայի իրավունքների ապահովումը` բարեփոխումների առանցք

2009-06-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի-Ջիլանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտում հիմնադրամի իրականացրած ծրագրերի ընթացքը: Նախարարը, բարձր գնահատելով կրթության և երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառներում հիմնադրամի կատարած աշխատանքները, նշեց, որ միջոցառումների նպատակները և ծավալները տպավորիչ են:

«Մեր հանդիպումն ուղղված է ընդհանուր քաղաքականության հաստատման և հետագա համագործակցության շարունակականության ապահովմանը: Համատեղ իրականացված բոլոր կրթական բարեփոխումների առանցքը երեխայի իրավունքների ապահովումն է»,-ընդգծեց նախարար Ա. Աշոտյանը: Տիկին Լ. Մոշիրի-Ջիլանին ներկայացրեց վերջին շրջանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքները: Հիմնադրամն աջակցել է նախադպրոցական կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը` ինչպես չափորոշիչների մշակման, այնպես էլ մանկավարժների վերապատրաստման ուղղությամբ: Շիրակի և Լոռու մարզերում Համաշխարհային բանկի գործընկերությամբ  Կրթական ծրագրերի կենտրոնը 22 հաստատությունում ներդրել է նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-15թթ ռազմավարական փորձնական ծրագիրը, որի արդյունքում երեխաների համակազմը ընդլայնվել է 540-ով: Համաշխարհային բանկի ֆինանսավորած «Որակ և համապատասխանություն» ծրագրի երկրորդ փուլի ընթացքում ևս հիմնադրամը նախատեսում է ակտիվ մասնակցություն ունենալ` նախորդ ծրագրերի շարունակականության ապահովման նպատակով: Քննարկվեց համայնքների կողմից նախադպրոցական ուսումնական հաստատությունների ոչ բավարար ֆինանսավորման խնդիրը: Հիմնադրամի ներկայացուցիչը նշեց, որ գործընթացի լիարժեք իրականացման համար անհրաժեշտ է Կառավարության աջակցությունը: Հանդիպման ընթացքում արձանագրվեց, որ Հայաստանը հսկայական քայլեր է կատարել նաև հանրապետությունում ներառական կրթության կազմակերպման գործում: Տիկին Ջիլանին նշեց, որ համաձայն իրականացրած ուսումնասիրությունների` հանրապետությունում աճել է կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը, և վտանգ կա, որ տնտեսական ճգնաժամի պատճառով այն կարող է մեծանալ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի օժանդակությամբ իրականացված «Օրինակելի դպրոց» /Երեխայակենտրոն դպրոց/  ծրագրին, որը փորձարկվել է ՀՀ Սյունիքի մարզում: Արդյունքները բավականին գոհացուցիչ են. այն ինքնագնահատման լավագույն փորձ է հանդիսացել ուսումնական հաստատությունների համար: Նախարարը նշեց, որ նախատեսվում է անցկացնել «Օրինակելի դպրոց» հանրապետական մրցույթ:
Հանդիպման վերջում քննարկվեցին նաև հուլիսի սկզբին նախատեսվող «Հատուկ կրթության բարեփոխումների հեռահար նպատակները. նոր հայացք, նոր մոտեցումներ» խորագրով գիտաժողովի խնդիրները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։