Նախարարները նախանշեցին համագործակցության նոր հեռանկարներ

2009-06-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի կրթության նախարար Նատալյա Շերրիին: Նախարար Ա. Աշոտյանը նշեց, որ Ռուսաստանի Դաշնության և ՀՀ-ի միջև կրթության ոլորտում իրականացվող համագործակցությունը վերջին տարիներին խիստ արդյունավետ է եղել: Ըստ գործող միջպետական համաձայնագրի` ամեն տարի ՀՀ քաղաքացիներին ՌԴ բուհերում կրթություն ստանալու հնարավորություն է տրվում:

Ցավոք, այս տարի հատկացված 95 տեղից օգտագործվել է միայն 24-ը, որի պատճառն, ըստ նախարարի, եղել է ինչպես տեղեկատվության պակասը, այնպես էլ առաջարկվող մասնագիտությունների ցանկը, որը հիմնականում  չի համապատասխանել մեր աշխատաշուկայի պահանջներին: Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի փորձ կարվի հստակեցնել առաջարկվող մասնագիտությունների և առկա պահանջարկի սահմանները:
Ա. Աշոտյանը ներկայացրեց նաև Հայաստանի կրթական համակարգում իրականացվող գործընթացները, որոնք միտված են կրթության որակի ապահովմանը, ինչպես նաև անդրադարձավ մասնագիտական կրթության մատչելիությանը`նշելով, որ բուհերի վարձավճարները շատ հաճախ հասանելի չեն սոցիալական լայն շերտերին, իսկ պետության կողմից փոխհատուցվող տեղերը սահմանափակ են:
Նա նշեց, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացված նախորդ վարկային ծրագիրն ընդգրկել է հիմնականում հանրակրթության ոլորտը, իսկ երկրորդ փուլով նախատեսվում են ներդրումներ նախադպրոցական և բարձրագույն կրթության ոլորտներում: Եվրամիության ջանքերով մեծ բարեփոխումներ են իրականացվում նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում:
Կալինինգրադի մարզի կրթության նախարար Նատալյա Շերրին, ներկայացնելով Ռուսաստանի Դաշնության կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, նշեց, որ փորձի փոխանակման տեսանկյունից այսօրինակ այցելությունները կարող են լավ ավանդույթ դառնալ: Նա ընդգծեց, որ վերջին երեք տարիների ընթացքում ՌԴ-ում, մասնավորապես Կալինինգրադի մարզում, կրթական բարեփոխումներն արդյունավետ են ընթանում, որն իր ցայտուն դրսևորումներն է գտել  հատկապես հանրակրթության ոլորտում: Ֆինանսավորման նոր ձևի անցումը Կալինինգրադի դպրոցներում լուծել է մի շարք խնդիրներ. դպրոցներն ավելի ինքնավար են դարձել, գումարների  վերաբաշխումն իրականացվել է` հօգուտ որակյալ կրթության: Նախարարն անդրադարձավ նաև մարզում գործող մասնավոր դպրոցներին` նշելով, որ նրանց որակը դեռևս հեռու է կատարյալ լինելուց, բայց օրինակ բերեց ոչ պետական դպրոցներից մեկը, որն իրավամբ դասվում է Կալինինգրադի լավագույն դպրոցների շարքին:
Երկու նախարարներն անդրադարձ կատարեցին նաև ոչ պետական բուհերում կրթության որակի ապահովման հարցերին: Արձանագրվեց, որ խնդիրները երկու երկրներում խիստ միանման են:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Կալինինգրադի մարզի կրթության նախարարության կողմից կներկայացվի առաջարկությունների փաթեթ` հետագա համագործակցության ընդլայնման նպատակով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։