Հայ-գերմանական կրթական ծրագրերը կշարունակվեն

2009-06-17

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը: Հաշվի առնելով, որ սա դեսպանի վերջին  աշխատանքային հանդիպումն էր մեկնումից առաջ, նախարարը շնորհակալություն հայտնեց մեր երկրի կրթության և գիտության նկատմամբ ցուցաբերած մեծ ուշադրության և աջակցության համար: Նա ընդգծեց, որ հայ-գերմանական հարաբերությունները կրթական ոլորտում միշտ արդյունավետ են եղել, և հույս հայտնեց, որ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին` առկա բոլոր ծրագրերը կպահպանվեն ու կընդլայնվեն:

Ա. Աշոտյանը նշեց, որ պատահական չէ, որ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունն /DAAD/ այս տարի հայ երիտասարդներին հատկացվող կրթաթոշակներն  ավելացրել է: «Վերջին տարիների ընթացքում ձևավորվել է եվրոպական կրթություն ստացած մասնագետների մի մեծ խումբ, որի ներգրավվածությունը մեր երկրի հասարակական և տնտեսական ոլորտներում դեռևս կատարյալ չէ: Մենք հետևողական ենք լինելու հայրենիք վերադարձողների համար աշխատաշուկայում ստեղծել նպաստավոր պայմաններ` նրանց գիտելիքներն արդյունավետ օգտագործելու համար»:
Դեսպանն իր գոհունակությունը հայտնեց Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանի կրթական ոլորտում իրականացվող գործընթացների ծավալի վերաբերյալ` նշելով, որ ծրագրային ներդրումների առումով այն գերազանցում է եվրոպական շատ երկրների աջակցությանը: Դեսպանն իր խոսքում անդրադարձավ ՀՀ հանրակրթական դպրոցներում գերմաներենը որպես օտար լեզվի դասավանդման խնդրին: Նա նշեց, որ ՀՀ-ում գործում է երեք դպրոց, որոնք շրջանավարտներին տրամադրում են գերմաներեն լեզվի իմացության դիպլոմ. ևս մեկ դպրոց նախատեսվում է ներգրավել այդ գործընթացում: Ա. Վիկտորինն անդրադարձավ նշված դպրոցներում գերմաներենի անհրաժեշտ չափն ապահովող ժամաքանակի խնդրին, որին լուծում էր տրվել դեռևս այս տարվա ապրիլ ամսին կնքված երկկողմանի պայմանագրով: «Հատկանշական է, որ Գերմանիան այն երկրներից է, որը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տալիս Գերմանիայում ստանալ լիարժեք կրթություն` բակալավրից մինչև ատենախոսության պաշտպանություն: Եվ այս առումով խիստ կարևոր է գերմաներենի դասավանդման խնդիրը` դպրոցական նստարանից սկսած»,- նշեց դեսպանը: Դեսպանը հավելեց նաև, գերմանական կողմը մեծ ջանքեր է ներդնում մարզերում գերմաներեն լեզվի զարգացման ուղղությամբ:
Հանդիպմանը ներկա մեր տարածաշրաջնում  Գյոթեի համալսարանի ներկայացուցիչ տիկին Սյուզան Բանդաուն տեղեկացրեց, որ Կրթության ազգային ինստիտուտի հետ համատեղ իրականացվել են ուսուցիչների վերապատրաստման սեմինարներ` գերմանացի և ավստրիացի, ինչպես նաև հայ մասնագետների մասնակցությամբ: Նա նշեց, որ իրենց գրասենյակը հետաքրքրված է Համաշխարհային բանկի ֆինանսավորած «Որակ և համապատասխանություն» ծրագրով և պատրաստակամություն հայտնեց ներգրավվել իրականացվող ծրագրերի գործընթացում, ինչպես նաև մասնակցել ավագ դպրոցի համար նախատեսվող գերմաներենի դասագրքի բովանդակային փորձաքննությանը:
Հանդիպման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հաջողություն մաղթելով դասպանին, հույս հայտնեց, որ նա հետագայում ևս կայցելի Հայաստան` որպես մեր ժողովրդի բարեկամ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։