Երկրի ապագա տիրոջ պատասխանատվությամբ
2009-06-15
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հրավերով Հայաստանում են գտնվում եվրոպական վեց երկրի` Ֆինլանդիայի, Թուրքիայի, Լիտվայի, Վրաստանի, Հունաստանի, Լյուքսեմբուրգի մի խումբ երիտասարդներ, որոնց այսօր հյուրընկալել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը: Նախարարը, ողջունելով երիտասարդներին, նշեց, որ Հայաստանում իրականացվող երիտասարդական քաղաքականությունը միտված է լուծել ոչ միայն հասարակական բոլոր գործընթացներում երիտասարդական ներուժի ներգրավվածության, այլև որոշումների կայացման գործում նրանց ակտիվ մասնակցության խնդիրը:
«Երկրի հասարակական կյանքում երիտասարդների մասնակցության համար խթան պետք է հանդիսանա այն գիտակցումը, որ դու երկրի ապագա տերն ես, հետևաբար դրան պետք է մոտենաս պատասխանատվության մեծ զգացումով»,-ընդգծեց նախարարը:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը տեղեկացրեց, որ կանանց և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանում են «Երիտասարդական մասնակցության ծրագրերի ընդլայնում» միջոցառման շրջանակում: Ծրագրի նպատակն է` տարբեր երկրներում առկա դրական փորձի փոխանակման միջոցով ապահովել քաղաքացիական հասարակության պայմաններում երիտասարդների մասնակցության առավել բարձր մակարդակ: «Մեր նպատակն էր հավաքի արդյունքում ձևավորել գործունեության ընդհանուր եզրեր և համընդհանուր ցանց` հետագա համագործակցության շարունակականության ապահովման համար»,-նշեց Լ. Ասատրյանը:
Հանդիպման ավարտին երիտասարդները հարցեր ուղղեցին ԿԳ նախարարին, որոնք հիմնականում վերաբերում էին կրթական ոլորտում երկրների միջև ձևավորված համագործակցությանը, կրթաթոշակային ծրագրերով արտերկրում ուսումնառություն ստացած երիտասարդների հետագա գործունեությանը և այլն: