Նոր մարտահրավերներին պատրաստ մանկավարժ

2009-06-15

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունիսի 15-ին մեկնարկեցին ՀՀ հանրակրթական  ավագ դպրոցների ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացները, որի բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը, ողջունելով դասընթացներին մասնակից ուսուցիչներին և դասավանդող տնօրեններին, նշեց. «Ուզում եմ ձեզ հավաստիացնել, խնդրել, հորդորել, որ հանրակրթական դպրոցներում տեղի ունեցող գործընթացների մեր ընդհանուր հաջողությունն ավագ դպրոցների կայացման մեջ է, և ձեզանից է կախված լինելու այն հանգամանքը, թե որքանով ենք մենք կարողանում կառուցել հիրավի 21-րդ դարի պահանջներին համապատասխանող գիտելիքներ մատուցող, արդիականությունը պահպանող հանրակթական համակարգ»:

Նախարարը տեղեկացրեց, որ հանրակրթության ոլորտում բարեփոխումները թևակոխել են նոր փուլ, և ՀՀ կառավարությունը հաստատել է ավագ դպրոցների ցանկը: Հանրապետությունում գործող 10 ավագ դպրոցիներին այս տարի կավելանան ևս 38-ը: Անդրադառնալով հանրապետությունում այս օրերին ընթացող միասնական քննություններին` Արմեն Աշոտյանը նշեց, որ  բացահայտվում են հանրակրթության ոլորտի որոշակի խնդիրներ, որոնց լուծմանն են ուղղված նաև ավագ դպրոցները: «Իրականում հանրակրթական դպրոցը պետք է դառնա այն վայրը, որտեղից բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար հավելյալ գիտելիքների կարիք չի լինի: Եվ այստեղ է կայանում ձեր նվիրյալ աշխատանքի և այս ոլորտ պարբերաբար ներմուծվող նոր մեթոդաբանությունների համադրման խնդիրը»:
Նախարարը կոչ արեց ուսուցիչներին իրենց բնորոշ պատասխանատվությամբ վերաբերվել դասընթացներին, որովհետև «մեր բռնած բարեփոխումների ուղին իրականում բանիմաց, պատրաստված, նոր մարտահրավերներին դիմադրող մանկավարժական կադրերի առկայությունն էե, որով էլ հիմնականում պայմանավորված է ավագ դպրոցների կայացումը»:
Որակավորման դասընթացներ կազմակերպվում են «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Պատմություն», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա» առարկաներից: Դասընթացները վարելու են դասագրքերի ստեղծման, թեստերի կազմման աշխատանքներում ներգրավված, ինչպես նաև հանրապետությունում ճանաչված մասնագետները:
Ավագ դպրոցների ուսուցիչների որակավորումների բարձրացման դասընթացների առաջին փուլին մասնակցում է Երևանի և մոտակա մարզերի շուրջ 310 ուսուցիչ: Երկրորդ փուլին, որը կմեկնարկի հուլիսի 6-ին, կմասնակցեն մյուս մարզերի ևս երեք հարյուր ուսուցիչ ու դասավանդող տնօրեն:
Որակավորման բարձրացման դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։