Կրթության և գիտության զուգորդումը` որպես զարգացման գրավական

2009-06-15

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանում Ամերիկյան համալսարանի նախագահ Հարություն Արմենյանի հետ: Նախարարը նշեց, որ Ամերիկյան համալսարանը Հայաստանի կրթական համակարգի «բրենդներից» մեկն է, որն իրավամբ համալսարանի տարիների գործունեության և ուսանողների ցուցաբերած բարձր առաջադիմության արդյունքն է: «Ամերիկյան համալսարանն իր գործունեությամբ ապահովում է ոչ միայն  Հայաստան-Սփյուռք կապերին որակական նոր լիցքերի հաղորդումը, այլ  նաև գիտելիքահենք տնտեսության քաղաքականություն որդեգրած մեր հանրապետության համար կադրային մատակարարման կարևոր օղակներից է»-, ասաց նախարարը:

Ա. Աշոտյանն ընդգծեց, որ  պետությունը շահագրգիռ է մասնագիտական որակի ապահովման և տարածման մեջ: Այս հարցում բուհերում կրթության և գիտության զուգորդմանն ուղղված լուրջ քայլեր են ձեռնարկվում,  որը ժամանակակից բուհի զարգացման հիմնական գրավականներից է: Այդ է վկայում Համաշխարհային բանկի երկրորդ փուլով հաստատված ծրագիրը, որով նախատեսվում է ստեղծել նորարությունների գիտական ֆոնդ: Նախարարը հյուրին  կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ նաև Արցախի բուհական համակարգի, մասնավորապես, Արցախի պետական համալսարանի հետ միջբուհական կապերի հաստատման և ընդլայնման գործում, որը թույլ կտա Արցախի կրթական համակարգն ինտեգրել միջազգային կրթական տարածք և ձեռք բերել միջազգային նոր գործընկերներ:
Հ. Արմենյանը, ներկայացնելով Ամերիկյան համալսարանի ձեռքբերումները, նշեց, որ այս տարի ստացած ամերիկյան հավատարմագրումը փաստն է այն իրողության, որ  բուհի կրթական որակը և կառավարման մեխանիզմները համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին: Համալսարանի նախագահն ընդգծեց, որ տնտեսական ճգնաժամը սուր ազդեցություն է թողել բուհի վրա. հիմնադրամի եկամուտները նվազել են, սակայն կա նաև ուրախալի և հուսադրող փաստ. դա Ամերիկյան համալսարանի` միջազգային ճարտարապետական չափանիշներին համապատասխան նոր շենքի կառուցումն է, որ թույլ կտա լուծել տարածաշրջանային ընդարձակման հարցեր. նախատեսվում է կրկնապատկել ուսանողների թիվը: Հ. Արմենյանը նախարարին տեղեկացրեց նաև, որ իրենք ձեռնամուխ են եղել Հայաստանի որոշ մարզերի և Ղարաբաղի գյուղական համայնքներում բիզնես դասընթացների իրականացման, որը յուրօրինակ օգնություն  է գյուղացիներին` դրամաշնորհային տարբեր ծրագրերի ներկայացման և դրանց արդյունավետ  օգտագործման գործընթացներում:
Հանդիպման ավարտին համալսարանի նախագահը նախարարին հրավիրեց մասնակցելու 2009թ. շրջանավարտների ավարտական հանդեսին, որը կկայանա հոկտեմբեր ամսին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։