Քննական համակարգի բարեփոխումները շարունակվելու են
2009-06-13
Քննական առաջին տաս օրվա արդյունքներն ամփոփելու նպատակով այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ ԿԳ նախարար, Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ Ա. ԱշոտյանըÖ‰ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաների միասնական քննությունների արդյունքում արձանագրվել է միջին միավորների համապատասխանաբար հետևյալ պատկերը` 11.7, 12, 13, 11.4: Նախարարը նշեց, որ նախորդ տարվա համեմատ նվազել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննական միջին միավորը, իսկ երեկ տեղի ունեցած «Անգլերեն» առարկայի քննության արդյունքների նախնական ամփոփումը վկայում է այն մասին, որ այս առարկայից պատկերը 2008թ.-ի համեմատ նույնն է:
Անգլերենի թեստերը համեմատաբար դյուրին են հաղթահարվել և դա, ըստ նախարարի, պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ, որ թեստերը եղել համեմատաբար մատչելի, երկրորդ`ըստ ամենայնի դիմորդներն այս քննությանն ավելի լավ են նախապատրաստվել: Բացի դրանից, նախարարը մտահոգություն հայտնեց հուլիսի 12-ի քննության ժամանակ առգրավված տասնյակից ավելի հուշաթղթերի կապակցությամբ և չբացառեց դրանցից օգտվելու հնարավորությունը: Պատկան մարմիններն արդեն զբաղվում են խնդրով:
«Քննական նոր համակարգի զարգացման և բարելավման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են: Գործող համակարգը հնարավոր չարաշահումները և սուբյեկտիվ դրսևորումները նվազեցնելու առումով որոշակի առաջընթաց արձանագրել է: Սակայն չենք կարող հավաստիացնել, որ հաջողվում է ամբողջությամբ չեզոքացնել բացասական երևութները: Քննական համակարգի բարեփոխումների փուլը դեռ չի ավարտվել: Մենք հետևողական ենք լինելու ապագայում համակարգն ավելի գործուն դարձնելու հարցում: Հաշվի առնելով այժմ արձանագրվող բոլոր թերությունները և դժգոհությունները` աշխատելու ենք նվազեցնել մարդկային գործոնի ազդեցությունը և փորձելու ենք աստիճանաբար անցնել համակարգի ավտոմատիզացմանը», -ասաց նախարարը:
Քննական գործընթացներում այսօր բախվում են հասարակական տարբեր խմբերի շահեր, և տուժում է ողջ համակարգը: Ա. Աշոտյանն անդրադարձավ «կրկնուսույցների ինստիտուտին» և նշեց, որ համակարգի պատասխանատուները շահագրգիռ են կրթական միջավայրի բարելավման գործում: Անկախ սոցիալական վիճակից բոլորի համար պետք է ստեղծվեն հավասար մեկնարկային պայմաններ` առանց հավելյալ գումարի պատշաճ կրթություն ստանալու համար: Այդ նպատակով իրականացվում է ավագ դպրոցների բարեփոխումների ծրագիրը:
Պատասխանելով լրագրողների հարցերին` նախարարը նրանց դիմեց կոչով. «Քննական գործընթացները լուսաբանելիս տուրք մի տվեք տարբեր խմբակային շահերին և դարձեք մեր դաշնակիցը` հասարակության արատավոր երևութների դեմ պայքարում: Օգնեք մեզ հասնել այն օրվան, որ քննությունները չդառնան ավելորդ լարվածության աղբյուր»: