Երկխոսություն` կրթություն և աշխատաշուկա
2009-06-10
«Աջակցություն Եվրոպական Հարևանության Ծրագրի երկրներում մարդկային ռեսուրսների զարգացման քաղաքականության բարեփոխումներին» նախագծի շրջանակներում այսօր մեկնարկեց Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի /ՄԿՈՒԶԱԽ/ խորհրդաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամը` ԵՄ Եվրոպական կրթական հիմնադրամի համագործակցությամբ: Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի աշխատանքային խումբը ձևավորվել է 2007 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ` համապատասխան նախարարությունների և սոցիալական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկմամբ:
Խորհրդաժողովը բացեց ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ, Հայաստանում սոցիալական համագործակցության աշխատանքային խմբի նախագահ Արա Ավետիսյանը: Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին` նա նշեց. «Մենք ունենք լավ որակավորմամբ աշխատողների աճող պահանջարկ տնտեսության նոր զարգացող հատվածներում, և մեզ անհրաժեշտ է հնարավորինս արագ ապահովել աշխատաշուկայի կարիքներըÖ‰ Սակայն մենք կարող ենք բարելավել իրավիճակը միայն բոլոր կողմերի միջև բաց ու ակտիվ երկխոսության միջոցով»:
Հետևելով սոցիալական երկխոսության միջազգային մոտեցումներին և մոդելներին` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ԵՄ օժանդակությամբ ձեռնարկել է մի ծրագիր, որի նպատակն է բարելավել կրթության և աշխատաշուկայի միջև երկխոսությունը: Հայաստանի բոլոր ուսումնարաններում և քոլեջներում ներդրվել է եռակողմ սոցիալական երկխոսության մի նոր մոդել` համախմբելով մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնողներին և գործատուների ու արհմիությունների ներկայացուցիչներին:
Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության անդամ Ուֆե Յանսենը նշեց, որ հուսով է, որ Դանիայի կառավարության կողմից մասնագիտական կրթության զարգացմանն ուղղված խորհրդատվությունը կկարողանա հանգեցնել ցանկալի հաղթանակի: Նա հույս հայտնեց, որ մեր երկրին ԵՄ-ի կողմից իրականացվող այս ծրագրերի ավարտից հետո պետությունը կկարողանա ապահովել շարունակականությունը:
Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի զարգացման նպատակով ԵՄ-ն ապահովելու է 16 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն: