Բարեփոխումների ոչ մի ծրագիր չի կասեցվել
2009-06-10
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր հանդիպեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի հետ: Նախարարը, բարձր գնահատելով Բրիտանական խորհրդի` Հայաստանի կրթական ոլորտում իրականացրած հսկայական աշխատանքները, նշեց. «Բրիտանական խորհրդի իրականացրած ծրագրերի որակը միշտ եղել և մնում է բարձր նիշի վրա: Դրանք տվել են դրական արդյունք, մասնավորապես, միջին մասնագիտական կրթության ոլորտում, որտեղ տարիների ընթացքում բազմաթիվ խնդիրներ էին կուտակվել»:
Նա ընդգծեց նաև, որ կրթական բարեփոխումների գործընթացում խիստ կարևորված են համապատասխան կառավարման ենթակառուցվածքների կարողությունների ընդլայնումն ու զարգացումը, ինչպես նաև լավ կառավարման մեխանիզմների ձևավորումը: Դեսպան Չարլզ Լոնսդեյլը նշեց, որ կրթության և գիտության նախարարությունը միշտ եղել է շատ կարևոր գործընկեր բոլոր երկարաժամկետ ծրագրերում: Դեսպանը մտահոգություն արտահայտեց առկա տնտեսական ճգնաժամի հետևանքով որոշակի ծրագրերի հետագա ընթացքի կապակցությամբ, որին ի պատասխան նախարարը շեշտեց, որ ճգնաժամն, իհարկե, թողել է իր հետևանքները բյուջետային ծախսերի ծավալների վրա, սակայն որևէ ուղղությամբ բարեփոխումների ծրագիր չի կասեցվել: Եվ դրանում մեծ են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Որակ և համապատասխանություն» ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը միտված Կառավարության ջանքերը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը ներկայացրեց գրասենյակի կողմից իրականացվող հիմնական ծրագրերը, որոնց շարքում կարևորեց «Հմտություններ աշխատանքում» ծրագիրը, որի բաղադրիչներից է Երևանի ինֆորմատիկայի քոլեջի և Բրեդֆորդի քոլեջի միջև համագործակցությունը: Ծրագրի շրջանակներում իրականացվել են դասախոսական կազմի փոխադարձ այցելություններ. այս տարի նախատեսվում են նաև ուսանողների փոխայցելություններ: Անդրադարձ կատարվեց նաև բիզնես-առաջադրանք մրցույթին, որն ուղղված է միջին մասնագիտական հաստատությունների և բիզնեսի մերձեցմանն ու հարաբերությունների խթանմանը: Այս տարի ևս նախատեսվում է իրականացնել վերոնշյալ ծրագիրը, և այս հարցում հյուրը հատկապես կարևորեց մարզային քոլեջների ներգրավվածության խնդիրը: Համաձայն Կրթության ազգային ինստիտուտի հետ կնքված փոխմբռնման հուշագրի` գրասենյակը մեծ աջակցություն է ցուցաբերել հանրապետության անգլերեն լեզու դասավանդող ուսուցիչների վերապատրաստման աշխատանքներին: Ա. Սարիբեկյաննն անդրադարձավ նաև տարբեր կրթաթոշակային ծրագրերով Մեծ Բրիտանիայում ուսումնառություն անցած շրջանավարտների և տարբեր ոլորտներում նրանց հետագա ներգրավվածության խնդրին:
Ա. Աշոտյանը հավաստիացրեց հյուրերին, որ այսուհետ ևս կրթության և գիտության նախարարությունն ակտիվ մասնակցություն է ունենալու առաջարկվող ծրագրերի իրականացման գործում: