Նոր լիցքեր բարեկամական կապերին
2009-06-10
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ա. Աշոտյանը նշեց, որ տպավորված է հայ-հունական սերտ հարաբերություններով: «Հունաստանն ակտիվ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետության կրթական համակարգին` ընդգրկելով բոլոր աստիճանները` հանրակրթություն, միջին և բարձրագույն մասնագիտական կրթություն: Սակայն այսօր կարիք կա երկու պետությունների դարավոր բարեկամական կապերին նոր լիցքեր հաղորդել:
Համագործակցությունն ավելի ամբողջական դարձնելու համար որպես ապագայի տեսլական` նոր հարաբերություններ ենք ակնկալում նաև գիտական համագործակցության ոլորտում, ինչպես նաև միջբուհական երկկողմանի կապերի ընդլայնման հարցերում»,-նշեց նախարարը:
Դեսպան Իոաննիս Կորինթիոսն իր հերթին ևս անդրադարձավ հայ-հունական հարաբերությունների բարձր մակարդակին: «Հունաստանը երկար տարիներ օգնություն է ցուցաբերել Հայաստանին և դրան զուգահեռ աջակցել հունարեն լեզու սովորել ցանկացող հայ երիտասարդներին, ինչը հնարավորություն է տվել այսօր Հայաստանում ունենալ հունարենին տիրապետող հայերի մի մեծ շերտ»,- ընդգծեց դեսպանը: Հյուրը ներկայացրեց Հայաստանում իրականացված և ընթացիկ մի շարք ծրագրեր: Անդրադարձ կատարվեց հայ-հունական զբոսաշրջության քոլեջին, որտեղ շուրջ կես միլիոն եվրո արժողությամբ ծրագիր է իրականացվում Հունաստանի Հանրապետության կրթության նախարարության հետ համատեղ: Նշվեց Երևանի թիվ 132 դպրոցի` ամբողջությամբ վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև Հրազդան քաղաքում երիտասարդական կենտրոնի բացման մասին: Նման կենտրոն նախատեսվում է նաև Երևանում, որի բացման արարողությանը ներկա կլինի Հունաստանի Հանրապետության արտգործնախարարը: Դեսպանը նախարարին ևս հրավիրեց այդ միջոցառմանը: Նա նաև տեղեկացրեց, որ ԵՊՀ-ում և Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում գործում են հունարեն լեզվին և մշակույթին նվիրված դասընթացներ: ԵՊՀ-ում գործում է հունական գրադարան, իսկ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում նաև հունագիտության կենտրոն, որը միակն է տարածաշրջանում և իրավունք ունի որոշելու հունարենի իմացության աստիճանը: Կենտրոնը հատկապես օգտակար կարող է լինել Հունաստանի ռազմական ակադեմիայի ինչպես հայ, այնպես էլ վրացի շրջանավարտների համար: Հաջորդ տարի նախատեսվում է ԵՊՀ-ում բացել հունագիտության ամբիոն:
Պարոն դեսպանը տեղեկացրեց նաև, որ ՀՀ-ի երեք դպրոցներում հունարենն ընդգրկված է որպես օտար լեզու, իսկ մեկ դպրոցում այն ուսուցանվում է պարտադիր օտար լեզվի հիմունքներով:
Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն հայտնեց Հունաստանի կառավարությանն ու ժողովրդին` Հայաստանին ցուցաբերած մեծ աջակցության համար, հույս հայտնեց, որ կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը կընդլայնվի, և սիրով ընդունեց երիտասարդական կենտրոնի բացմանը մասնակցելու հրավերը: