Օլիմպիականները դպրոցականների աչքերով
2009-06-08
Դպրոցականների շրջանում օլիմպիական խաղերի փիլիսոփայության և պատմության մասին իրազեկության բարձրացման, սպորտի դաստիարակչական ներուժի առավելագույն օգտագործման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Դպրոցականների հանրապետական մարզային ֆեդերացիայի աջակցությամբ, կազմակերպել էր «Օլիմպիականները դպրոցականների աչքերով» թեմայով շարադրությունների մրցույթ, որի հաղթողներին այսօր հանձնվեցին պարգևներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով ներկաներին, նշեց. «Օլիմպիական հերոսները, որոնք մեր եռագույնի ներքո ապացուցել են, որ իրենք լավագույնն են, որոնց հաղթանակներում միահյուսվել են և’ կամքը, և’ ինտելեկտը, և’ հայրենասիրությունը, լավ օրինակ կարող են ծառայել մեր երեխաների համար: Նման մրցույթները միտված են դպրոցականների շրջանում համապատասխան կերպարների և հերոսների գաղափարաբանության տարածմանը: Շատ հաճելի է, որ մրցույթը նման արձագանք է գտել հատկապես մարզերի աշակերտների շրջանում, որոնք միշտ հավուր պատշաճի մասնակցում են նման միջոցառումներին և միշտ պատվով են դուրս գալիս, և պատահական չէ, որ այսօր էլ հինգ մրցանակակիրներից չորսը հանրապետության տարբեր մարզերից են»:
Մրցույթն անցկացվել է երեք փուլով` ներդպրոցական, մարզային և հանրապետական, որին մասնակցել էին հանրակրթական ավագ դասարանների աշակերտները: Եզրափակիչ փուլի մասնակցած 35 դպրոցի 48 աշակերտի ներկայացրած մրցութային շարադրություններից հանձնաժողովն ընտրել էր հինգ լավագույն գրավոր աշխատանքները:
Ստանալով հավաստագրեր, մրցանակներ և նվերներ` հաղթողները շնորհակալական խոսքեր հղեցին նախարարին, իսկ Մայիսյան գյուղի աշակերտը նախարարին հրավիրեց իրենց գյուղի միջնակարգ դպրոց: Ա. Աշոտյանը խոստացավ դպրոց այցելել սեպտեմբերին:
«Օլիմպիականները դպրոցականների աչքերով» թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողներ են ճանաչվել` Մարտիրոսյան Ռոբերտ /Երևանի Վ. Տերյանի անվան թիվ 60 դպրոց, 9-րդ դասարան, 1-ին կարգ/, Ղազարյան Թաթուլ /Վանաձորի թիվ 19 դպրոց, 9-րդ դասարան, 2-րդ կարգ/, Գյոզալյան Լինա /Իջևանի թիվ 5 դպրոց, 9-րդ դասարան, 2-րդ կարգ/, Նահապետյան Հերմինե /Գյումրու թիվ 6 դպրոց, 10-րդ դասարան, 3-րդ կարգ/, Հակոբյան Դավիթ /Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի միջն. դպրոց, 9-րդ դասարան, 3-րդ կարգ/: